Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Համաշխարհային ճարտարապետության «իկոնիկ» կոթողներից ամենա-ամենաներից մեկը թողնված էր բախտի քմահաճույքին». Արտակ Ղուլյան

298
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 03:30
«Համաշխարհային ճարտարապետության «իկոնիկ» կոթողներից ամենա-ամենաներից մեկը թողնված էր բախտի քմահաճույքին». Արտակ Ղուլյան

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը, գտնվելով հսկայական մեգապոլիսի խիտ կառուցապատված կենտրոնում և մշտապես ենթակա լինելով տեխնածին աղետների, չուներ հրդեհաշիջման ինքնաշխատ-ավտոմատ համակարգ, որը գոնե ժամանակավորապես կկանխեր հրդեհի անարգել ուժգնացումը և տարածումը՝ մինչև հրշեջների ժամանումը: Տաճարի տանիքները և կենտրոնական հատվածի սրածայր աշտարակը կառուցված էին Ֆրանսիայի Շամպայն մարզի կաղնեփայտից, փտելուց պաշտպանելու նպատակով պատված էին հատուկ խեժով, սակայն հենց դրանով իսկ՝ խիստ դյուրավառ էին:
Աշխարհում հարյուրավոր տաճարներ են ոչնչացել՝ ամբողջովին կամ մասամբ փայտե լինելու պատճառով և դասական ճարտարապետության ու ճարտարագիտության մայրաքաղաք Փարիզում պիտի որ լավ իմանային այս մասին:
Զարմանալի է նաև, որ տաճարի տանիքի հսկայական մակերեսն ու ծավալը նախապես միջնապատերով չեն բաժանել մի քանի հատվածների՝ նման հրդեհների բռնկման դեպքում դրա արագ տարածումը կանխելու համար: Ի սկզբանե չեն արել դա՝ խուսափելով ծանր պատերով բեռնավորել գոթական տաճարներին բնորոշ նուրբ կրող կոնստրուկցիաներով կառուցված Աստվածամոր տաճարի ծածկերը, սակայն մեր օրերում հնարավոր էր անել՝ ամենաարդիական, հրակայուն, թեթև նյութերով:
Մի խոսքով՝ համաշխարհային ճարտարապետության «իկոնիկ» կոթողներից ամենա-ամենաներից մեկը թողնված էր բախտի քմահաճույքին, որը կարող էր բոլորի աչքի առաջ ամբողջովին մոխարանալ՝ մի աննշան կայծից...
Իսկ կայծը, ինչպես համոզվեցինք, կարող է բռնկվել ամեն վայրկյան...»: