Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Չենք արտագաղթելու, մնալու ենք՝ պայքարենք». գրավատների աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

272
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 12:15
«Չենք արտագաղթելու, մնալու ենք՝ պայքարենք». գրավատների աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Ինչպես տեղեկացրել ենք, Կառավարության շենքի դիմաց գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները. ըստ Կենտրոնական բանկի նախագծի՝ 60 անգամ ավելացվելու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:

«Չենք արտագաղթելու, մնալու ենք՝ պայքարենք, մինչև վերջ ապացուցենք մեր արդարացիությունը»,- ասում են ակցիայի մասնակիցները:

Ցուցարարները պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն արդյունք չեն տվել:

Ցուցարարները պնդում են, որ իրենք երբևէ ստվերային գործունեություն չեն ծավալել. «Մեր հստակ հիմնավորումները մեր համակարգիչների մեջ է, ոչ մեկս ստվերով չենք աշխատել, որովհետև վերահսկողություն է եղել Կենտրոնական բանկի կողմից։ Մենք 180 օրվա տեսաձայնագրություն ենք պահում, նույնիսկ մեր գործողությունները տեսագրվում են»,- ասում են նրանք:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ նախագիծը անտրամաբանական է, քանի որ իրենք չեն կարողանա այդ չափի գումար վճարել որպես պետական տուրք. «Եթե հաշվարկներով կարող են ցույց տալ, որ կարող ենք այդ գումարը մուծել, մենք հաճույքով կմուծենք, բայց եթե չկան էդ հաշվարկները, մենք խի՞ ենք եկել ստեղ: Դուրս է գալիս, որ տարվա վերջ մենք տնտեսում ենք մոտ 120 հազար՝ 3 միլիոն տո՞ւրք վճարում, սա ոչ տրամաբանական է»:

Նախաձեռնող խմբի մի քանի անդամներ Ազգային ժողովում քննարկելու են այս թեման: Ցուցարարների խոսքով՝ իրենց օրակարգը կախված է նրանց հանդիպման արդյունքներից։