Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նոր միջանցքներ Հայաստանի համար. Ռուսաստանն ու Վրաստանն ավարտին են հասցրել քննարկումները. «Коммерсант»

625
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 17:10
Նոր միջանցքներ Հայաստանի համար. Ռուսաստանն ու Վրաստանն ավարտին են հասցրել քննարկումները. «Коммерсант»

Մոսկվան և Թբիլիսին ավարտին են հասցրել 2011թ. ստորագրված «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ գործընթացները: Այս մասին հայտնի է դարձել «Коммерсант» պարբերականին:

Համաձայնագիրը թույլ է տալիս օգտագործել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն առևտրի և տարանցման համար:

Համաձայնագիրը ստորագրվել էր 2011թ. նոյեմբերի 9-ին Ժնևում, դա փաստաթղթերի փաթեթի մի մասն էր, որը կնքվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության գործընթացների ժամանակ:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է դարձել 2012թ., սակայն Վրաստանի հետ համաձայնագիրը, որը ենթադրում է երկու երկրների միջև առևտրային 3 միջանցքի ձևավորում, որոնցից երկուսն անցնելու են Աբխազիայով և Հարավային Օսիայով, այդպես էլ չի աշխատել, Մոսկվայից և Թբիլիսիից 7 տարի է պահանջվել դրա իրականացման համար: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ համաձայնագրի մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան:

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Коммерсант»-ին վստահեցրել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են: Նրա խոսքով՝ վրացական կողմը հույս ունի սկսել փաստաթղթի իրականացումը:

Պարբերականը նշում է, որ այդ հարցում շահագրգիռ է նաև Հայաստանը: «Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքն այլընտրանք կլինի Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ փակվում է ձյան պատճառով»,- գրում է պարբերականը:

Այն մասին, Երևանը կշահի ռուս-վրացական մեխանիզմի իրականացումից, պարբերականի հետ զրույցում ասել է նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հայաստանի խնդրանքն իսկապես կա»,- հայտնել է նա: