Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը

533
Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ., 14:05
Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։

Եվ այսպես, ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։

88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։

Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։

Դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացան ԱԺ արտահերթ ընտրություններ, որի արդյունքում խորհրդարան անցան 3 ուժ՝«Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը։