Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան վերադարձը». Ռուբեն Շուխյան

1098
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 20:05
«Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան վերադարձը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան վերադարձը.
Ուրախալի լուր ստացանք Նյու Յորքից. «Մետրոպոլիտեն» թանգարանում օրեր առաջ բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի 13-րդ դարով թվագրվող փայտյա դուռը, որը փաստորեն 1915 թվականից ի վեր առաջին անգամ է հասանելի դառնում լայն հանրությանը:

Մուշի հռչակավոր Սուրբ Կարապետ վանքը դարեր շարունակ հայ գրչության, կրթության և մշակութային կենտրոնն է եղել և փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: 1915-ի մեծ եղեռնից հետո վանքը թալանվել և հիմնահատակ ավերվել է, հրաշքով է փրկվել միայն նրա դուռը, որի ոդիսականի մասին մենք բազմիցս ենք անդրադարձել: 1212 թվականին հայ վարպետների կողմից ստեղծված Մշո Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտյա դուռը հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցն է համարվում: Ներկայումս այն պահվում է Կանադայում՝ փակ մասնավոր հավաքածուում: Անհավանական սյուժեով արկածային ժանրի մի ֆիլմի է նման այդ դռան հայտնաբերման պատմությունը, որի մասին իր հուշապատումում մանրամասն նկարագրել է ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Այդ հուշապատումը տպագրվել էր «Գարուն» ամսագրում 1997-ին:

Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1976-ին 5000 գերմանական մարկով ձեռք էր բերել և իր տանը գաղտնի կերպով պահել էր Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի մտերիմ ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերը: Այդ հարցում Ռիխտերին օգնում է նրա թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Այդ զինվորականն էլ, իր հերթին, դրանից ամիսներ առաջ, հանգամանքների բերումով գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերում է այդ հին դուռը և հետո կարողանում է այն տեղափոխել Ստամբուլ: Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը գալիս է Ստամբուլ և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատում է, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռն է: Այսքանից հետո, սակայն, առաջանում է մի անլուծելի թվացող խնդիր. ինչպե՞ս հանել դուռը Թուրքիայից:

Այդ հարցով Արմեն Հախնազարյանը դիմում է իր մեկ այլ ծանոթի՝ Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերին: Ռիխտերը դուռը կարողանում է հասցնել Անկարա, որտեղից էլ Ցինզերը, որպես դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյա, իր անձնական ապրանքների հաշվին փոխադրել է տալիս այն Գերմանիա: Այդպիսով՝ դուռը հանգրվանում է Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում: Սակայն դռան հետ կապված նորից են առաջանում անհաղթահարելի բարդություններ: Տեղի է ունենում անսպասելին. Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերը բանտարկվում է և մահանում բանտում՝ սրտի տագնապից: Ռիխտերի մահից հետո Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպում է նրա այրուն և տեղեկանում, որ տիկին Ռիխտերը պատրաստվում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել:

Պատմում է Արմեն Հախնազարյանը. «Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է՝ Հայաստան: Ինձ մտերիմ և բարեկամ մի անձնավորություն ժամանակին հետաքրքրվեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդությունը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, և տարիներ շարունակ հետևողականորեն տարված գործը մնաց ապարդյուն՝ ձախորդվեց: Անցյալ տարի՝ 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց մի բուռ հայոց պատմություն, և մուրճի հարվածով Մշո սուլթան սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի: Հեռախոսով լսում եմ Մեսրոպ արք. Աշճյանի հուսախաբ ձայնը. «Շատ նեղված եմ, Արմեն, մերոնց զգուշացրի, նրանք այնտեղ էին և ոչինչ չարեցին: Դուռը ոչ հայ մեկը գնեց, չգիտենք՝ ով…»:

Այդպես, 1996 թվականին, դրանից 20 տարի առաջ հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի և ընդամենը 50 հազար դոլարով գնվում անհայտ մի անձի կողմից, հայտնի էր միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Եվ ահա զարմանալի այս պատմությունը հիմա այսպիսի անակնկալ և ուրախալի զարգացում է ունեցել՝ «Արմենիա» ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են կապ հաստատել Մշո Սուրբ Կարապետ վանքի պատմական դռան սեփականատիրոջ հետ և Արևմտյան Հայաստանի այդ բացառիկ մասունքը լայն հանրությանը ներկայացնել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում»: