Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բուենոս Այրեսը կընդունի պատանեկան օլիմպիական խաղերը

368
Հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2018 թ., 20:00
Բուենոս Այրեսը կընդունի պատանեկան օլիմպիական խաղերը

Հոկտեմբերի 6-ից 18-ն Արգենտինայի մայրաքաղաք Բունես Այրեսում տեղի կունենան երրորդ պատանեկան օլիմպիական ամառային խաղերը: Պատանեկան սպորտի համաշխարհային այդ ստուգատեսում առաջին անգամ ասպարեզներում հանդես կգան հավասար քանակի՝ 1963–ական մարզիկներ և մարզուհիներ: Ընդհանուր հաշվով խաղերում հայտավորված 15-18 տարեկան 206 երկրների 3926 մասնակից՝ 32 մարզաձևերում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Մրցումների ընթացքին կհետևեն նաև տարբեր պետությունների 1950 պաշտոնյաներ: Նախորդ՝ երկրորդ խաղերի համեմատ / 2014թ. Նանկին / Բուենոս Այրեսի մրցումների ծրագրում ընդգրկված է հինգ նոր մարզաձև. բրեք- դանս, կարատե, ժայռամագլցում, ռոլլեր-սպորտ և ակրոբատիկա: Ցուցադրական ելույթներ կունենան սկվոշ և պոլո մարզաձևերի ներկայացուցիչները:

Մարզահամալիրները գտնվում են քաղաքի չորս տարբեր հատվածներում: Խաղերի մասնակիցների և հյուրերի համար ելույթներ կունենան մշակույթի և արվեստի ներկայացուցիչները: Մարզասերները անվճար կհետևեն մրցումների ընթացքին:

Օլիմպիական ավանի շինարարությունը սկսվել է 2016 թվականից: Արդեն լիովին պատրաստ են բոլոր 31 շենքերը, որոնք իրարից տարբերվում են իրենց արտաքին տեսքով: Կգործեն ճաշարանը, ավտոկայանը, կապի, ինֆորմացիայի, բուժսպասարկման և դոպինգ ստուգման կենտրոնները: Խոհանոցը ազգային է, որը կազմակերպիչների համոզմամբ կխթանի բարձր արդյունքների հասնելու գործին:

Խաղերի բացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: Այդ հանդիսությունը կանցկացվի ոչ թե մարզադաշտում, այլ դրան հարակից տարածքներում. փողոցներում, հրապարակներում, նպատակով, որպեսզի յուրաքանչյուր մարզասեր կարողանա անարգել դառնալ այդ միջոցառման մասնակիցը, զգա օլիմպիական շունչը: Ենթադրվում է, որ տեղական ժամանակով ժամը 20-ին սկսվող օլիմպիական խաղերի մասնակիցների երթին, ավելի քան 350 դերասանների և երաժիշտների ելույթներին, կհետևի շուրջ 350 հազար հանդիսական: Օլիմպիական տոնը կկրկնվի նաև փակման արարողության ժամանակ, հոկտեմբերի 18-ին: Այդ օրը կմասնակցեն խաղերի չեմպիոնները և մրցանակակիրները:

Խաղերի ընթացքում կանցկացվեն վարպետության դասեր և բաց հանդիպումներ՝ աշխարհահռչակ չեմպիոնների հետ: Մասնակիցները կքննարկեն բովանդակ թեմաներ, սկսած առողջ ապրելակերպից, վերջացրած մարզական հարուստ կենսագրություն ստեղծելու հարցերից: Պատանի աթլետները իրենց կուռքերի հետ շփվելով կհամոզվեն,որ հաջողության հասնելը հնարավոր է և իրենց ուժերից վեր գործ չէ:

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՄՕԿ –ի նախկին նախագահ Ժակ Ռոգեին: Միջոցառումը հաջողված է, կայացած, և միայն տարիքային տարբերությունն է բաժանում ժամանակակից օլիմպիական խաղերից:

Պատանեկան խաղերի թալիսմանը Պանդի անունով կատվազգիների ներկայացուցիչ յագուարն է: Այդ հովազը Արգենտինայի հյուսիսի ծագում ունի: Միջոցառման կարգախոսն է «Գիտակցիր ու զգա ապագան»