Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ալաշկերտ»-ը ներողություն է խնդրել «Փյունիկ»-ից

358
Չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ., 18:25
«Ալաշկերտ»-ը ներողություն է խնդրել «Փյունիկ»-ից

«Փյունիկ» ՖԱ-ն անդրադարձել է «Ալաշկերտ» ՖԱ-ի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի հայտարարությանը, ով, մեկնաբանելով հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետների ուշադրությունն էր հրավիրել «Շիրակ»-«Փյունիկ» և «Փյունիկ»-«Շիրակ» վերջին երկու հանդիպումներին:

«Մենք ծայրաստիճան վրդովված ենք «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հայտատարությամբ, որում նա հայտնել էր «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» — «Շիրակ» խաղերի պայմանավորված լինելու հնարավոր տարբերակի մասին»,- ասվում էր «Փյունիկ» ՖԱ-ի հայտարարության մեջ:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հարկ է համարում պարզաբանել իրավիճակը.

«Կարդալով «Փյունիկ» ՖԱ-ի հայտարարությունը, ցանկանում ենք պարզաբանում մտցնել: «Ալաշկերտ» ՖԱ-ն անգամ 1 տոկոս կասկած չունի, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներգրավված չէ պայմանավորված խաղերի կազմակերպմանը:

«Ալաշկերտ» ՖԱ-ի նախորդ հայտարարության մեջ պարոն Նավոյանը նշել էր հետևյալը.

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր ազգային առաջնության ակումբներում կան մի քանի արտասահմանցիներ, որոնք, կարծես, խմբավորում են ստեղծել, և իրենց արատավոր գործունեությամբ ցանկանում են սև բիծ թողնել հայկական ֆուտբոլի վրա՝ գցելով մեր ֆուտբոլի հեղինակությունը: Այդ առումով, հարկ եմ համարում մեր ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան մասնագետների ուշադրությունը հրավիրել «Շիրակ» — «Փյունիկ» և «Փյունիկ» — «Շիրակ» վերջին երկու հանդիպումներին»,- այս հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա և չի կարող լինել պայմանավորված խաղի կասկածանքի մասին և, առավել ևս, «Փյունիկ» ՖԱ-ի՝ նմանատիպ գործընթացների մեջ ներգրավված լինելու մասին: Պարոն Նավոյանը պարզապես իր անձնական դիտարկումն է հայտնել՝ կոչ անելով մեր ֆուտբոլային աշխարհին ուշադրություն դարձնել մեր առաջնության բոլոր խաղերին՝ այդ թվում նաև «Ալաշկերտի» հանդիպումներին՝ հետագայում նման դեպքերը կանխելու համար:

Հայկական ակումբային ֆուտբոլում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նկատի ունենալով, բոլորս ենք անհանգստացած ստեղծված իրավիճակով: Ծանոթացել և ողջունում ենք նաև «Փյունիկ» ՖԱ-ի դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Ցանկանում ենք ընդգծել, որ «Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը՝ ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ, մեծ հարգանքով է վերաբերվում պարոն Արթուր Սողոմոնյանի գործունեությանը, որը միտված է հայկական ֆուտբոլի զարգացմանը և մասայականացմանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի զարգացմանը: Նույնը վերաբերում է նաև «Փյունիկի» մարզչական շտաբին:

Այսքանով հանդերձ, եթե «Ալաշկերտ» ՖԱ-ի հայտարարությունն այլ կերպ է ընկալվել և թյուրըմբռնում է առաջացրել, ցանկանում ենք մեր ներողամտությունը հայտնել «Փյունիկ» ՖԱ-ին և ևս մեկ անգամ ընդգծել, որ մեղադրանք կամ առավել ևս զրպարտանք արտահայտելու միտում ամենևին չենք ունեցել»,- նշված է հայտարարության մեջ։