Դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ 93-ամյա Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուում արդեն 1090 ձու կա: Փայտե, ապակե, պողպատե, այլ նյութերից պատրաստված հավկիթների վրա գեղագիտական իր «հետքն» է թողել շուրջ 950 արվեստագետ՝ 45 երկրից: Առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, վերջինի հեղինակը դեռ հայտնի չէ:
«Շուրջ տասը հավկիթ ունեմ նկարիչների մոտ, որոնք դեռ ետ չեմ ստացել նկարազարդված վիճակում»,- ասում է 93-ամյա կոլեկցիոներն ու պատմում, թե ինչպես հեռավոր 1963 թվականին «ծնվեց» նախադեպը չունեցող այս հավաքածուն: «Սուրբ Զատկի օրը շքամուտքում հանդիպեցի հարևանիս տղային, որը ձեռքի նկարազարդ ձուն մեկնեց ինձ ու ասաց. «Յաշա քեռի, եկե՛ք «կռվենք»: Ձվի վրա նկարել էր մի քանի պատկեր, բայց չէր սպասել, որ չորանա: Այդ գույների խառնուրդից այնպիսի գեղեցիկ ու հետաքրքիր պատկեր էր ստացվել, որ ես խնդրեցի նրան ինձ տալ այդ ձուն: Մերժեց՝ ասելով. «Չէ՛, սա 10 հատ ձու է ջարդել»: Ամիսներ անցան, այդ դեպքի մասին արդեն մոռացել էի: Մի օր էլ որդիս եկավ, թե՝ բոլորը հոլ ունեն, իսկ ես՝ ոչ: Խանութում հոլ չէին վաճառում, ստիպված էի գնալ փայտագործի մոտ: Վերջինի արհեստանոցում էլ պատահար փայտե ձվեր տեսա, պատվիրեցի մի քանիսը»: Նույն օրն՝ արհեստանոցից վերադառնալիս, Յակով Զարգարյանն այցելում է Սարյաններին: Փայտե հավկիթներից մեկը հանձնում է Վարպետին ու խնդրում նկարել: «Մեկ շաբաթ անց հանդիպեցի թոռնիկին՝ Կատյային, ասաց, որ Սարյանը սկսել է նկարել, բայց դժգոհում է, ասում է, որ փոքր հավկիթի վրա նկարելը բարդ է, վատ է տեսնում: Դե, արդեն 80-ն անց էր»: Սարյանի՝ Հայաստանը պատկերող առաջին հավկիթի կողքին Զարգարյանի հավաքածուում այսօր Մինասի, Կոջոյանի, Ջոտտոյի, Ռոբերտ Էլիբեկյանի, հայտնի բազմաթիվ այլ նկարիչների ու ոչ նկարիչների աշխատանքներն են: Այստեղ են քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Արա Շիրազի, դերասան Վարդան Պետրոսյանի, արտասահմացի բազմաթիվ արվեստագետների նկարազարդած հավկիթները: Սերգեյ Փարաջանովից հավաքածուում հավկիթ չկա, բայց կա նրան առնչվող հետաքրքիր պատմություն. «Հենրիկ Իգիթյանի հետ մեկնեցինք Թբիլիսի: Երեք օր մնացինք Փարաջանովի տանը: Այնքան տարված էի նրանով, որ մոռացա փոխանցել հավկիթը, որի վրա պետք է նկարեր Փարաջանովը»: Զարգարյանի հավաքածուի «ռեկորդակիրը» Հովհաննես Զարդարյանի աշխատանքն է: «Պատահել է, որ հավկիթը տվել եմ ու սպասել 10 տարի, 20 տարի: «Ռեկորդը» սահմանել է Զարդարյանի աշխատանքը, որը ձեռք եմ բերել 46 տարի անց: Փայտե ձուն տվել եմ 63 թվականին, ետ ստացել «նոր դարում»: 68 թվականին նա ինձ ցույց տվեց դեռևս անավարտ աշխատանքը, հետո մահացավ և այդպես էլ չհասցրեց այն ավարտին հասցնել: Տասնամյակներ անց հանդիպեցի կնոջը, որն էլ ինձ փոխանցեց ամուսնու անավարտ մնացած աշխատանքը»: Զրույցի ավարտին Յակով Զարգարյանը խոսեց իր «թաքուն» երազանքի մասին. «Երազում եմ, որ Երևանում բացվի Ինքնատիպ հավաքածուների թանգարան: Այնտեղ կարող են ներկայացվել և՛ իմ, և՛ Ռուբեն Անգալադյանի եզակի ափսեների, և՛ Էդուարդ Ղազարյանի մանրաքանդակների, և՛ ուրիշների հավաքածուները»:
Տիկնիկների պատկերասրահի տնօրինության նախաձեռնությամբ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, Պատկերասրահում բացվեց Զարգարյանի հավաքածուից ընտրված նկարազարդ հավկիթների ժամանակավոր ցուցադրությունը, հայտնում է Մշակույթի նախարարությունը: