Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ շախմատիստուհիները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

324
Երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ., 13:35
Հայ շախմատիստուհիները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում երեկ մեկնարկեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են 30 երկրների 144 շախմատիստուհի, այդ թվում՝ 13 գրոսմայստեր, 29 միջազգային վարպետ, 35 կանանց գրոսմայստեր և 22 կանանց միջազգային վարպետ: Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստուհին է կանանց աշխարհի նախկին չեմպիոն Մարիա Մուզիչուկը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Երեկ կայացած առաջին տուրի գլխավոր անակնկալը մատուցեց Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը: Մեր շախմատիստուհու մրցակիցն էր մրցաշարում 11-րդ դասակարգված հանրահայտ շախմատիստուհի Մոնիկա Սոչկոն: Սպիտակներով հանդես եկող Սարգսյանն արդեն 19-րդ քայլում ստացավ զգալի առավելություն, որը հաջողությամբ իրացրեց: Մեկնարկային տուրում հաճելի անակնկալներ մատուցեցին նաև Մարիա Կուրսովան և Սիրանուշ Ղուկասյանը, ովքեր ոչ-ոքիներ խաղացին իրենցից գործակցով զգալիորեն գերազանցող մրցակիցների հետ: Առաջին տուրի իրենց պարտիաները հաշտությամբ ավարտեցին նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Մեր ներկայացուցիչներից Մարիա Գևորգյանն անդրանիկ տուրում պարտություն կրեց: