Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Ես միշտ կարծել եմ, որ աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է». այսօր Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրն է

3179
Ուրբաթ, 30 մարտի, 2018 թ., 18:05
«Ես միշտ կարծել եմ, որ աստծուն ճանաչելու ամենաիսկական ձևը մեր շուրջը եղածը սիրելն է». այսօր Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրն է

Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկը՝ Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853 թ. մարտի 30-ին Հոլանդական Գրոտ-Զյունդերտ քաղաքում: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչն ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգը կյանքի վերջին տարիները մեծ մասամբ անց է կացրել հիվանդանոցում: «Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը:

Գեղանկարչության ոլորտում Վինսենթ Վան Գոգն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880 թվականին, երբ 27 տարեկան էր։

«Հիրիկներ»
«Հիրիկներ»

Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։ Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝ իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ, 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։

«Եկեղեցի Օվերում»
«Եկեղեցի Օվերում»

Վան Գոգի կյանքում առանցքային դեր է ունեցել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, որը զբաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին։

Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի վրա։

«... Ինչպես կյանքում, այնպես էլ գեղանկարչության մեջ ես կարող եմ ապրել առանց աստծո, բայց ես՝ որպես տառապող մարդ, չեմ կարող ապրել առանց մի մեծ բանի, որը կազմում է իմ կյանքը՝ առանց ստեղծագործելու հնարավորության...»,- ասել է հանճարեղ արվեստագետը:

1883 թվականից Վան Գոգն ստեղծել է իր առաջին նշանակալի՝ հասարակ մարդկանց նկատմամբ սիրով լի նկարաշարերը («Գեղջկուհի», «Կարտոֆիլ ուտողները», «Քարածուխ տանող կանայք», «Արտասովոր կինը», «Օջախի առջև», «Մորմոքող ծերունին» և այլն), որտեղ արտահայտել է բնորդների հոգեկան լարվածությունը, տառապանքն ու ընկճվածությունը։

«Աստղազարդ գիշեր»
«Աստղազարդ գիշեր»
«Կոշիկներ»
«Կոշիկներ»
1886-1888 թթ-ին ապրել է Փարիզում. հաճախել է Ֆեռնան Կորմոնի մասնավոր ստուդիան, միաժամանակ ուսումնասիրել իմպրեսիոնիստ նկարիչների (Անրի Թուլուզ-Լոտրեկ, Էդուարդ Մանե, Պոլ Գոգեն, Ալֆրեդ Սիսլեյ, Էդգար Դեգա) ստեղծագործությունները և ճապոնական փորագրությունները։ Այդ շրջանից նրա գործերում մուգ գույները փոխարինվել են կապույտի, ոսկեդեղինի, կարմրի մաքուր ու պայծառ երանգներով («Սենի կամուրջը», 1887 թ., «Տանգի հայրիկի դիմանկարը», 1887 թ., և այլն)։ 1888 թվականին Վան Գոգը տեղափոխվել է Ֆրանսիայի Առլ քաղաք, որտեղ վերջնականապես ձևավորվել է նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը։

Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն)։ Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։ Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։

«Ինքնանկար»
«Ինքնանկար»
Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։

Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888 թ. դեկտեմբերին վիճաբանելուց հետո)։ Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հ. Կաուֆմանը (Hans Kaufmann) և Ռ. Ուայլդեգանսն (Rita Wildegans) իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)։

1973 թվականի հունիսի 3-ին Ամստերդամում բացվել է Վինսենթ Վան Գոգի թանգարանը:

Վիրակապված ականջով. «Վանգոգյան սինդրոմ»
Վիրակապված ականջով. «Վանգոգյան սինդրոմ»