Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հրապարակում, որպեսզի չխանգարենք իրավապահների հետաքննությանը». Դանիել Իոաննիսյան

312
Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 16:20
«ԲՀԿ-ի խախտումների վերաբերյալ փաստերը չենք հրապարակում, որպեսզի չխանգարենք իրավապահների հետաքննությանը». Դանիել Իոաննիսյան

Այսօր, մամուլի ասուլիսում, Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններում արձանագրված խնդիրները ներկայացնելիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի նախագահ Դանիել Իոաննիսյանին հարց ուղղվեց, թե արդյոք ի՞նչ ընթացք ստացան «Բարգավաճ Հայաստան»-ի մասին ստացված ահազանգերը:

«Այն ահազանգերը, որոնք որ պարունակում էին ստույգ տվյալներ, հասցե, անուն-ազգանուն և այլն, մենք փոխանցում էինք իրավապահներին՝ դրանց բացահայտման համար: Որքանո՞վ են բացահայտվել, ես ավելին առայժմ չգիտեմ, բայց այն դեպքը, որն աղմուկ հանեց, ԲՀԿ-ի ֆլեշմոբի հետ կապված, թե ակտիվիստները գումարով են մասնակցել այդ ակցիային, դրանց վերաբերյալ բոլոր փաստերն ուղղարկվել են իրավապահներին, և մենք սպասելու են իրենց արձագանքին: Կախված իրավապահների որոշումից՝ կա՛մ կհրապարակենք դրանք, կա՛մ, եթե քրեական գործ հարուցվի, ապա նախաքննության մարմինը կհրապարակի»,- ասաց Իոաննիսյանը:

Նա հավելեց, որ իրենք ունեն փաստեր և եթե չեն հրապարակում դրանք, ապա զուտ նրա համար, որպեսզի, եթե այդտեղ հանցակազմ կա, չխանգարեն իրավապահների հետաքննությանը: «Եթե հրապարակենք՝ պարզ կլինի, թե ով է մեզ այդ տեղեկությունները տրամադրել և միգուցե այդ մեկի վրա ազդեցություն գործադրեն և ինքը իրավապահներին չհայտնի այն, ինչ գիտի»:

Դ. Իոաննիսյանը նշեց, որ կիրակի օրը, նախքան քվեարկության ավարտը, իրենք հրապարակեցին ոչ միայն ԲՀԿ-ի, այլև՝ «Լույս»-ի և «Իմ քայլ»-ի ներկայացուցիչների խախտումները, սակայն նրանցից ոչ մեկ, մինչ այս պահը, իրենց դատի չի տվել, մամուլի ասուլիս չի տապալել և իրենց մասին ապատեղեկատվական արշավ չի սկսել: