Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հանուն Հայաստան պետության» ճակատը համաժողովրդական ընդվզման կոչ է անում

659
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 16:35
«Հանուն Հայաստան պետության» ճակատը համաժողովրդական ընդվզման կոչ է անում

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հայտարարություն է տարածել Սեֆիլյանի գործով դատավճռի վերաբերյալ.

Սիրելի հայրենակիցներ

Քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի շինծու գործի վերաբերյալ այսօր հրապարակված դատավճիռը, որը հրապարակվեց հանուն Հայաստանի Հանրապետության, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է:

Ռեժիմի պատվերը կատարող, խամաճիկ դատավորի՝ իր տերերի աննախադեպ լկտիությամբ ու քինախնդրությամբ թելադրված դատավճիռը դատավճիռ է բոլորիս նկատմամբ և ցուցադրումն է այն բանի, որ իշխանությանը կառչած ապօրինի ռեժիմը պատրաստվում է ապահովագրել իր անփառունակ իշխանավարումը՝ իրեն ընդդիմացող ցանկացած քաղաքացու հանդեպ գործ սարքելով և ազատազրկելով:

Տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի օրենքի, ժողովրդավարության և արդարադատության հետ: Սերժ Սարգսյանը պարզապես հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդի՝ Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ այն բանի համար, որ նա բացահայտեց ապրիլյան քառօրյա դավադիր պատերազմի մութ խորշերը քողարկող իր ստերը և 800 հեկտար տարածք կամովին թշնամուն թողնելու փաստը:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, խստորեն դատապարտելով ռեժիմի այս հերթական ապօրինությունն ու քաղաքական հալածանքի բացահայտ դրսևորումը, հայտնում է, որ չի ընկրկելու և շարունակելու է իր պայքարն ապօրինի, հայրենադավ ռեժիմի դեմ՝ հանուն Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման և ժողովրդավարացման:

Դիմում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին բոլոր քաղբանտարկյալներին պաշտպանելու և ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու կոչով: Երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին առաջարկում ենք միացնել իրենց ձայնը մեր բողոքին և միանալ սկիզբ առնող համաժողովրդական ընդվզմանը ռեժիմի դեմ:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ