Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում». Վահագն Թևոսյան

1656
Շաբաթ, 03 մարտի, 2018 թ., 11:15
«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում». Վահագն Թևոսյան

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վերին Արտաշատ համայնքում երեկ ազատել են գերության մեջ գտնվող արջի:

«Երեկ Վերին Արտաշատի տներից մեկի բակից, անտանելի պայմաններում պահվող արջ էինք ազատում: Տերերը ոչ մի կերպ չէին կարողանում հիմնավորել, թե ինչներին ա պետք էդ խեղճ կենդանին, բայց մեկ ա՝ դիմադրում էին:

Ամենուր ա տենց, էդ անհասկանալի ընկերությունը ստրկատիրոջ ու ստրուկի միջև ներկայացվում ա որպես կենդանասիրություն, ու վայրի բնության հետ հաղորդակցման որակի բուն էությունն ու նշանակությունը շատ քչերին ա հասկանալի, առավել ևս հետաքրքիր: Պատմությունը երկար ա, շատ տարօրինակ, մի օր առիթ կլինի՝ կպատմեմ:

Ամեն դեպքում արջին մեծ դժվարությամբ ազատեցինք, տեղափոխեցինք Ուրցաձոր: Վերջին վայրկյաններին, երբ արջը քնած էր, տան տիրուհին իբր կատակով ասաց՝ ախ երանի էդ արջը հիմա զարթներ ու էդ ազատողներին հոշոտեր: Ես չեմ միանում էդ անեծքին, թե՝ ախ երանի բոլոր էդ վիճակում պահող արջերը մի օր հրաշքով գազազեին ու իրենց տանջողներին հոշոտեին: Բայց փաստ ա, որ մի օր բնությունը իրոք մարդկությանը հոշոտելու ա, քանի որ մենք օր օրի ավելի ու ավելի ենք դադարում լինել էդ բնության մասը՝ բացառիկ բարբարոս թշնամական վերաբերմունք ցուցաբերելով նրա հանդեպ: Ու աստիճանաբար «դու մարդ չես» արտահայտությունը դառնում ա ավելի ու ավելի նվազ վիրավորական:

Ասածս ինչ ա: Էսօր Վայրի կենդանիների համաշխարհային օրն ա, կարելի ա էսօր մի քիչ ավելի քիչ մարդ լինել՝ իր ամենաբացասական իմաստներով»,- մասնավորապես գրել է նա:

Վահան Թևոսյանի գրառմանն արձագանքելով՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ շուտով կենդանական աշխարհի մասին օրենքն է ԱԺ-ում քննարկվելու ու կենդանու հանդեպ նման վերաբերմունքը պետք է համապատասխան պատիժ ունենա. «Վայրի կենդանուն պահում են անազատության մեջ, սարքում դեկորատիվ ապրանք, խոշտանգում սոված ու ծարավ պահելով, հետո ասում են կենդանասեր են: Կենդանուն վայրի բնությունից գողանալու ու անազատության մեջ պահելու տուգանքը պետք է հավասարազոր լինի սպանելու տուգանքի չափին»,- ընդգծել է պատգամավորը: