Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը

94
Երեկ, 23:42
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է վիրտուալ կերպով «բացել» և ընթերցել Հերկուլանումի հայտնի «Պապիրուսների վիլլայից» ածխացած պապիրուսներից մեկը՝ առանց այն ֆիզիկապես բացելու կամ վնասելու։ Դրան հասել են սինքրոտրոնային սկանավորման և արհեստական բանականության օգնությամբ։
Մոտ երկու հազար տարի առաջ Վեզուվի ժայթքումը Հերկուլանումի շքեղ վիլլայի գրադարանը վերածել էր ածխացած պապիրուսների կույտի։ Այժմ դրանցից մեկն առաջին անգամ հնարավոր է եղել ընթերցել։
Միջազգային Vesuvius Challenge նախագծի շրջանակում սինքրոտրոնային սկանավորման և արհեստական բանականության միջոցով գիտնականները վիրտուալ կերպով «բացել» են մի պապիրուս, որը տասնամյակներ շարունակ համարվում էր ուսումնասիրության համար գրեթե անհույս։
Արդյունքում ստացվել է մոտ մեկուկես մետր շարունակական տեքստ՝ հին հունարենով գրված փիլիսոփայական աշխատության շուրջ 20 սյունակ։ Վերծանվել է տեքստի մոտ 90 տոկոսը, մինչդեռ նախկինում հնարավոր էր տարբերել հիմնականում առանձին բառեր։
Խոսքը PHerc. 172 (1667) պապիրուսի մասին է, որն այնքան էր վնասվել մ.թ. 79 թվականի աղետի ժամանակ, որ այն մեխանիկորեն բացելու ցանկացած փորձ կարող էր հանգեցնել ամբողջական ոչնչացման։ Դեռևս 1980-ականներին այն բացելու փորձերի ընթացքում վնասվել էին վերին շերտերը, և պահպանվել էր միայն փոքր հատված։
Պապիրուսն ուսումնասիրվել է Ֆրանսիայի ESRF և Մեծ Բրիտանիայի Diamond Light Source սինքրոտրոնային կայաններում։ Ստացված եռաչափ մոդելը ուներ միկրոմետրային ճշգրտություն, իսկ մեկ պապիրուսի մշակման համար անհրաժեշտ է եղել մոտ 300 տերաբայթ տվյալ։
Սակայն սկանավորումը չէր թույլ տալիս տեսնել բուն տեքստը․ ածխացման հետևանքով և՛ պապիրուսը, և՛ թանաքը գրեթե ամբողջությամբ կազմված էին ածխածնից և ռենտգենյան պատկերներում գրեթե չէին տարբերվում։
Այստեղ օգնել է արհեստական բանականությունը։ Նեյրոնային ցանցը սովորեցրել են ճանաչել նյութի կառուցվածքի հազիվ նկատելի փոփոխությունները, որոնք առաջացել էին հին թանաքի՝ մետաղներ պարունակելու պատճառով։ Դրա շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել տառերի ուրվագծերը։
Վերծանված տեքստը հին հունարենով գրված փիլիսոփայական տրակտատ է՝ թվագրված մ.թ.ա. II–III դարերով։ Հեղինակը քննարկում է ստոիկյան գաղափարներ, այդ թվում՝ hormē-ն՝ գործողության նկատմամբ բնածին մղումը, և phronēsis-ը՝ «գործնական իմաստությունը»։
Ոճի և տերմինաբանության հիման վրա հեղինակը, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ շրջանի մտածող է, հնարավոր է՝ ստոիկ։ Նույն պապիրուսում հայտնաբերվել են նաև հղումներ էպիկուրական «Աստվածների մասին» աշխատությանը, որից պարզվել է, որ այն բաղկացած է եղել առնվազն ութ գրքից։
Գիտնականներն այժմ նախատեսում են նույն մեթոդով ուսումնասիրել Հերկուլանումի ավելի քան 600 այլ չվերծանված պապիրուսներ։