Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2026 թ.

Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել

96
Այսօր, 00:49
Փարիզի կենտրոնում գալլական պաշտպանական կառույցների հետքեր են հայտնաբերել

Ֆրանսիացի հնագետները Փարիզի կենտրոնում հայտնաբերել են պատերի մնացորդներ, որոնք կարող էին լինել գալլական Լուտեցիայի պաշտպանական կառույցների մի մասը, որոնց մասին հիշատակել է Հուլիոս Կեսարը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագույն ավերակներ, այդ թվում՝ 20 մետր երկարությամբ քարից և փայտից կառուցված պատ, որը «բնորոշ է գալլական ամրություններին» և որի վրա հայտնաբերվել են լայնածավալ հրդեհի հետքեր։ Դրա կողքին հայտնաբերվել է ավազից և մանրախճից պատրաստված երկու մետր հաստությամբ արհեստական հարթակ, ինչը, հետազոտողների կարծիքով, ամրապնդում է այն վարկածը, որ այստեղ նախկինում եղել է խոշոր ամրություն։

«Փայտե տարրերի ռադիոածխածնային վերլուծության առաջին արդյունքները ցույց են տալիս, որ դրանք թվագրվում են մ.թ.ա. 200-10 թվականներով։ Բացի այդ, պատի հիմքի մոտ հայտնաբերվել է գալլական նիզակի ծայր», — նախարարությունը մեջբերում է Իլ-դը-Ֆրանս տարածաշրջանի հնագիտության ծառայությունում (DRAC) Փարիզի տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանության պատասխանատու Դորոթե Շաուի-Դերյեի խոսքերը։

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում այս գտածոն կարևոր հայտնագործություն են անվանում, քանի որ մինչ այժմ նյութական ապացույցներ չեն եղել Հուլիոս Կեսարի «Գալլական պատերազմի մասին գրառումներում» նկարագրված գալլական ամրոցի գոյության մասին։ Այսպիսով, հայտնագործությունը լրացնում է «հնագիտական բացը» և թույլ է տալիս պնդել, որ գալլահռոմեական Լուտեցիան ձևավորվել է գալլական բնակավայրի հիմքի վրա։