«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
51
Այսօր, 10:30
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար։ Ոչ թե որովհետև պարտությունը միայն մեկ մարդու որոշման արդյունքն էր, այլ որովհետև պետության ղեկավարը պարտությունից հետո կրում էր քաղաքական պատասխանատվություն և պարտավոր էր իր տեղը զիջել՝ երկիրը նոր ռազմավարությամբ վերականգնելու հնարավորություն տալու համար։ Բայց նա չհրաժարվեց։ Եվ սկսվեց պարտվողական քաղաքական շղթան։ 2020-ի պարտությունից հետո իշխանությունը պահպանվեց։ 2021-ին Ադրբեջանը սկսեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ տարածքային պահանջներ ներկայացնել, իսկ մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Սյունիք և Գեղարքունիք։ 2022-ի սեպտեմբերին արդեն լայնածավալ ագրեսիա իրականացվեց Հայաստանի դեմ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով։ Ջերմուկը, Սոթքը, Կութը և բազմաթիվ սահմանամերձ բնակավայրեր հայտնվեցին ադրբեջանական կրակի տակ։ Ու այստեղ այլևս հնարավոր չէ ամեն ինչ ներկայացնել որպես «Արցախի հարց»։ ❗️Ադրբեջանը հարվածում էր Հայաստանի Հանրապետությանը։ Հետևաբար 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե իրարից կտրված դրվագներով, այլ մեկ քաղաքական գործընթացի մեջ։ ✔️Պարտություն։ ✔️Քաղաքական պատասխանատվության չստանձնում։ ✔️Իշխանության պահպանում։ ✔️Ադրբեջանի պահանջների աճ։ ✔️Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներ։ ✔️2022-ի լայնածավալ ագրեսիա։ Եվ այս ամբողջ ընթացքում նույն իշխանությունը շարունակում էր մնալ պետության ղեկին։ Սա է գլխավոր քաղաքական հարցը։ Ի՞նչ իրավունքով պարտված իշխանությունը 2020-ից հետո պահանջեց ժամանակ՝ իր քաղաքականությունը շարունակելու համար։ Եվ ավելի կարևոր է. ո՞վ է պատասխան տալու այն քաղաքականության համար, որի ընթացքում Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջները ոչ թե նվազեցին, այլ ընդլայնվեցին՝ Արցախից հասնելով Հայաստանի ինքնիշխան տարածք։ 2020-ից հետո հրաժարական չտալը դարձավ քաղաքական ընտրություն։ Իսկ այդ ընտրության հետևանքները Հայաստանը վճարեց արդեն իր ինքնիշխան տարածքի, իր զինվորների և իր անվտանգության գնով։ Թող Աստված մեզ ուժ ու տոկունություն տա՝ արժանի լինելու հանուն Հայրենիքի նահատակված մեր քաջորդիների պատգամին։ Չհանձնվել, չուրանալ և շարունակել պայքարել Հայրենիքի համար՝ մինչև նրանց պատգամի իրագործումը»։