Երևան`   +22 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

«Խորհրդանշաննե՞ր, թե՞ բռնապետության մնացորդներ. Ռադիոտան շուրջ իրավական հակասությունը». Մհեր Կարագոզյան

84
Այսօր, 21:00
«Խորհրդանշաննե՞ր, թե՞ բռնապետության մնացորդներ. Ռադիոտան շուրջ իրավական հակասությունը». Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական խորհրդանշաննե՞ր, թե՞ բռնապետության մնացորդներ. Ռադիոտան շուրջ իրավական հակասությունը
Հանրային ռադիոյի շենքի ճակատին մինչ օրս պահպանվող խորհրդային խորհրդանիշները՝ հնգաթև աստղը, մուրճն ու մանգաղը, պարզապես ճարտարապետական հին դետալներ չեն։ Դրանք առաջացնում են կարևոր իրավական և հանրային հարց. ինչպե՞ս պետք է իրավական պետությունը վերաբերվի տոտալիտար ռեժիմի խորհրդանիշներին, երբ դրանք պահպանվում են պետական նշանակության շենքի վրա։
Խնդրի առաջին կողմը իրավական է։ Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս չի ընդունվել ապախորհրդայնացման (դեկոմունիզացիայի) մասին օրենք կամ այլ իրավական ակտ, որը կհստակեցնի խորհրդային բռնապետական խորհրդանիշների նկատմամբ պետական քաղաքականությունը։ Այս իրավական բացի պայմաններում նման հարցերը մնում են չկարգավորված և լուծվում են ոչ թե միասնական սկզբունքներով, այլ իրավիճակային մոտեցումներով։
Միևնույն ժամանակ Ռադիոտան շենքը պատմամշակութային հուշարձան է, և գործող օրենսդրությամբ դրա արտաքին տեսքի փոփոխությունն առանց համապատասխան ընթացակարգերի անթույլատրելի է։ Սակայն հուշարձանի պահպանության պահանջը չի նշանակում, որ պետությունը պարտավոր է անորոշ ժամանակով պահպանել նաև այն խորհրդանիշները, որոնք կապված են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով հայտնի տոտալիտար վարչակարգի հետ։ Հենց այստեղ է առաջանում իրավական և քաղաքական հակասությունը։
Հանրային ռադիոն պետական ինստիտուտ է, որի առաքելությունն է ծառայել անկախ Հայաստանի Հանրապետության հանրային շահին, ժողովրդավարական արժեքներին և քաղաքացիների տեղեկատվական իրավունքին։ Հետևաբար բնական է, որ հարց առաջանա՝ արդյո՞ք այդ ինստիտուտի արտաքին խորհրդանշական միջավայրը պետք է շարունակի կրել նախկին բռնապետական համակարգի խորհրդանիշները։
Այս խնդիրը չի կարող մնալ «աչքի սովորության» կամ անուշադրության մակարդակում։ Անհրաժեշտ է պետական մակարդակով մասնագիտական և իրավական քննարկում, որի արդյունքում կհստակեցվի, թե ինչպիսի մոտեցում պետք է կիրառվի նման դեպքերում։ Հնարավոր լուծումը պետք է միաժամանակ ապահովի պատմամշակութային հուշարձանի պահպանությունը և բացառի տոտալիտար ռեժիմի խորհրդանիշների՝ պետական հաստատությունների վրա անվերջ պահպանման իրավական անորոշությունը։
Իրավական պետությունը պետք է հստակ պատասխան տա ոչ միայն այն հարցին, թե ինչ է պահպանում, այլև՝ ինչու է պահպանում»։

Աղբյուրը`   Մհեր Կարագոզյան