«Մասիսի լանջին աճող հեքիաթային այս ծաղկի մասին գիտեին դեռևս անտիկ աշխարհում». Համլետ Պետրոսյան
75
Այսօր, 00:30
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քեզ ծաղիկ։ Կուսական ծաղիկ: Հեքիաթային այս ծաղկի մասին գիտեին դեռևս անտիկ աշխարհում: Արաքս գետի, նրա ափին բարձրացող Դիորփոս լեռան (որը բառացիորեն նշանակում էր մթաթափանց և ցուցում էր Մասիսը, որն այդպես էր կոչվում հյուսիսային լանջին տեղադրված խոր և անձուկ վիհի պատճառով), մեռյալների աշխարհը իջած, ապա հարություն ստացած և այնտեղից վերադարձած Արա-էրի մասին պատմվող առասպելների շարքում հատուկ տեղ էր գրավում և Արաքս գետի ափին՝ Դիորփոս լեռան վրա աճող Արաքսա ծաղկի մասին պատմությունը: Ծաղիկների մասին մեր թվականության 1-2-րդ դարերում ստեղծված և հույն պատմիչ Պլուտարքոսին վերագրվող այդ պատմության մեջ ասվում է, որ ծաղկի հենց անունն ինքը նշանակում է «կույսերին հալածող»: Եթե որևէ կույս մոտենում է այդ ծաղկին՝ նա արյուն է ցայտում և թառամում: Ինչպես հայտնի է, ըստ հայկական մի շարք հնագույն պատկերացումների՝ Մասիսը համարվում էր հրաշալիորեն (այսինքն՝ աստվածային, ոչ բնական ձևով) ծննդաբերող մի մայր: Ուստի խստորեն արգելված էր բարձրանալ նրա գագաթը: Եվ այս առումով կուսահալած ծաղիկը խորհրդաբանորեն արտահայտում էր լեռան նման «անմատչելիություն» գաղափարը: Միջնադարյան հայ բժշկարաններն այս ծաղիկը կոչում են Արյան կամ Ոսկե խոտ, Արեգակամայր: Այն աճում էր Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի շրջակայքում, ուր Մասիսի գագաթից սկիզբ առնող Գինո գետի ափին գտնվում էր և´ ամենահին խաղողի այգին, և´ արքունական որսատեղին, և´ «Անհատնում» կոչվող բուժիչ աղբյուրը: Արյան ծաղիկը, թեև հազվադեպ, հնարավոր էր հանդիպել նաև Գեղարքունյաց լեռներում, Բալու գավառում: Խաշխաշազգիներին պատկանող այս բույսն ուներ մոտ կես մետր բարձրություն, այն աճում էր մեկուսի՝ սևահող ու քարքարոտ միջավայրում, նրա շուրջը, ըստ միջնադարյան մի բժշկարանի «ուրիշ այլ բույս չի աճում, քանի որ բոլորի ուժն ինքն էր վերցնում»: Ծաղկեթուփն ունենում է չորս երկար (մինչև 30սմ) տերևներ՝ ծայրերին ասեղանման փշերով, մեջտեղում աճում է գավազանանման կոթունը, որն ավարտվում է դեղնա-կարմրավուն տարբեր երանգների հինգ ծաղիկներով: «Վերցրու նրա տերևները,- խորհուրդ է տալիս հայկական միջնադարյան մի ձեռագիր,- չորացրու և տրորելով մանրիր, խառնիր արճիճի հետ և կստանաս կարմիր ոսկի, ...խառնիր արծաթին և կունենաս ազնիվ ոսկի, վերցրու նրա ծաղիկը՝ գցիր կաթի մեջ և այն կվերածվի արդար յուղի»: Սակայն այս բույսի ամենամեծ առնձնահատկությունը համարվում էր այն, որ ի տարբերություն այլ բույսերի նրա բուսահեղուկը (ի դեպ խիստ առատ) կարմիր է ինչպես արյունը: Հեշտ չէր քաղել ոսկի տվող այդ ծաղիկը. «երբ պոկում ես այդ ծաղիկը՝ նրանից կարմիր արյուն է դուրս գալիս, և ուր հասնում է՝ պլոկում է մաշկը, զգույշ եղիր, որ չցայտի կաթը (այսինքն՝ բուսահեղուկը), քանի որ ուր հասնի՝ անբուժելի խոցեր կառաջացնի» - կարդում ենք ձեռագրերում: Մի հեղինակ նույնիսկ խորհուրդ է տալիս ապահովության համար քաղելիս օգտագործել մոմապատ ձեռնոցներ: Լուսանկարը՝ Արամայիս Սեդրակյանի»։