Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ.

«Ստացվել էր նախընտրական ընդարձակ քարոզչական, քպ-ական տեսահոլովակ». Հայկ Դեմոյան

82
Այսօր, 00:12
«Ստացվել էր նախընտրական ընդարձակ քարոզչական, քպ-ական տեսահոլովակ». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Եվրոպականի ներկաներն ու բացակաները
Որոշ դիտարկումներ եվրոպական առաջնորդներին ներկայացված շոու ծրագրի շուրջ
Տակավին շարունակվում են գովեստների շռայլումը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած տարբեր երկրների պատվիրակություններին ու առաջնորդներին ներկայացված մշակութային շոու ծրագրի կազմակերպիչների ու սցենարիստների հասցեին: Քանի որ կես ժամ տևողությամբ լուսաձայնային լուծումներով ու հայեցակարգային նորովի մոտեցումներով այդ շոուն մեծ ոգևորություն ու դրվատանքի խոսքեր հղելու առիթ է տվել, ինձ թույլ կտամ մի քանի դիտարկումներ անել հրամցված բովանդակային ու հայեցակարգային մոտեցումների շուրջ:
Շոուն, ինչ խոսք տպավորիչ էր, զգալի աշխատանք էր արվել մեր անցյալի ու ժառանգության թեմաները նորովի մոտեցումներով ու մեկնաբանություններով ներկայացնելու համար: Երեխաները հրաշալի կերպով կատարեցին իրենց հանձնառությունը: Ամենաուրախալին ինձ համար այն է, որ Հայաստանում ունենք լուսաձայնային նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ու ցուցադրական նոր հնարքներով ժամանակակից ցուցադրություն կազմակերպող խմբեր ու ընկերություններ, որոնք ապագայում կկարողանան նոր ու ժամանակակից լուծումներով փոփոխել 50 տարուց ավելի անփոփոխ մնացած հայաստանյան թանգարանային մշտական ցուցադրությունները:
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ…
Ներկայացված նյութի հետ ծանոթանալիս, այն էլ խիստ մասնագիտական դիտարկմամբ, ակնհայտ է դառնում, որ սցենարիստներն ունեցել են վերապահումներ, որոնք բացարձակորեն հիմնավորված չէին, այլ պայմանավորված էին քաղաքական ենթատեքստով և արդյունքում ստացվել էր ոչ թե հարուստ մշակույթ ու եվրոպական ժառանգություն ունեցող ժողովրդի ու պետության ներկայացում, այլ նախընտրական ընդարձակ քարոզչական-քպական տեսահոլովակ:
Որտե՞ղ էր այդ շոուի բովանդակության հիմնական ու գլխավոր ուղերձը, որով դահլիճում նստած եվրոպական երկրների ներկայացուցիչները կհասկանային ու կհամոզվեին, որ Հայաստանն իր անցյալով ու ներկայով ԻՍԿԱՊԵՍ հանդիսանում է եվրոպական քաղաքակրթության մաս:
Այդպիսի ուղերձներ ու շեշտադրումներ, ցավոք, ներկայացված ծրագրում չկային: Դրա փոխարեն տեսանք ստանդարտ, միջին սովետական արքետիպային բովանդակություն հայկականության ու հայկականի ինքնության թեմաների շուրջ՝ իր երաժշտական դասականներով ու ինքնության հիմնական ցուցիչների ոչ պակաս ստանդարտ շեշտադրումներով: Այսպիսի գեղարվեստական ծրագիր կարելի էր ներկայացնել որևէ փառատոնի կամ սպորտային միջոցառման բացման արարողության ժամանակ, սակայն երբ քո լսարանը ողջ եվրոհամայնքն է, ապա պետք էր նախևառաջ մտածել, թե ինչպես ու ինչ եղանակներով կարելի է շեշտադրել երկրիդ քաղաքակրթական հիմնական ինքնություններն ու դրանց աղերսները եվրոպականի հետ: Դրանք պետք էր ներկայացնել շատ հստակ շեշտադրումներով, առանց որևէ ճնշող արտահայտչամիջոցների կամ ներկայացված նյութի գեղարվեստականությունը ստորադասելու եղանակով:
Բացակայում էին…
Եվրոպական քաղաքակրթությունը և եվրոպական ժառանգությունը հիմնված է քրիստոնեության անծայրածիր ու փառահեղ ժառանգության վրա և դա անտեսելն ու զանց առնելը միմիայն կարող է փաստել սցենարիստների կամ պատվիրատուների շեշտադրված միտումնավոր կեցվածքը: Կրկնում եմ, եվրոպական քաղաքակրթությունը հիմնված է առաջին հերթին քրիստոնեական ժառանգության վրա: Եվրոպական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգությունը և դրա կապը կարելի էր շեշտել հենց ջրի թեմայի շուրջ կենտրոնական պատումը զարգացնելով: Ավաղ, վիշապաքարերի թեմայի կողքին բացակայում էր համաշխարհային ջրհեղեղի պատումը ու շատ լավ հասկանում ենք, թե ինչու: Ջրհեղեղի հետ գալիս է քպականների համար «ոչ ճիշտ լեռան»՝ Արարատի թեման:
Եթե քպականներն իրենց առաջնորդի հետ միասին մոռացել են, ապա հիշեցնեմ, որ ՀՀ պետական զինանշանի ամենակենտրոնում ջուրն ու ջրհեղեղի տեսարանն է՝ Արարատով ու Նոյան տապանով: Կրկին առաջ բերվեց Արագածը ու այն հակադրվեց Արարատին և այդ համատեքստում ներկաները ոչինչ չհասկացան ու ոչ մի տեղեկություն ու գիտելիք չստացան քպ-ական նախընտրելի նախընտրական կոնտենտից:
Բոլոր խորհրդանշանների ու ինքնության ցուցիչների շարքում բացակայում էր քրիստոնեական, հետևաբար նաև եվրոպական ժառանգության մաս կազմող հայկական ճարտարապետությունը: Բացի կես վայրկյան երևացող եկեղեցու գմբեթից ու հերթապահ կարգավիճակով ու անհասցե ներկայացված սրբապատկերներից, այստեղ ևս կար խուսափողական մոտեցում: Հասկանալի է, պայքար են սկսել եկեղեցու դեմ, հետևաբար հայկական, իմա՝ եվրոպական ժառանգության գլխավոր ցուցիչները ևս պետք էր անտեսել:
Քարաշամբի գավաթի ու Անահիտի կիսադեմի շուրջ կենտրոնացումները կարող են մասնագիտական նեղ շրջանում հարցեր առաջացնել, հաշվի առնելով, որ մեր հարևան Վրաստանում այդպիսի գավաթներ նույնպիսի բովանդակությամբ ավելի շատ են գտնվել, դե իսկ Անահիտի «հայկականության» վիճելիության մասին առաջին անգամ չեմ բարձրաձայնում: Մի′ փոքրացրեք մեզ հայտնի քաղաքակրթության անանձնագիր ու վիճելի դիմաքանդակը մեզ վերագրելու գայթակղությունից: Մի′ ամփոփեք մեզ վիճելի խորհրդանշանների մեջ՝ ճոխ ու հարուստ հայկական ժառանգությունն ու մշակույթը վիճելի ու խոցելի դարձնելով:
Կարդացի, որ այս ծրագրի գլխավոր պատասխանատուն ՔՊ-ի նախընտրական շտաբը ղեկավարող Արայիկ Հարությունյանն է: Դա դժվար չէր կռահել, նամանավանդ ծրագրի վերջում առատորեն երևացող ծանրամարտիկների պատկերներից: Արայիկը հո չէր հիշատակի շախմատի բնագավառում Հայաստանի առավելություններն ու հաջողությունները, նամանավանդ որ աշխարհի ու ԵՎՐՈՊԱՅԻ չեմպիոն Հայաստանի շախմատի հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Այս փաստը Արայիկ Հարությունյանին ու սցենարիստներին բնավ չի հետաքրքրել, ուստի ուղեկցող տեսանյութերում անտեսվել են:
Եզրափակիչ մասը իսկապես շատ վատն էր՝ «աղքատը նա է, ով կարողանում է հաշվել իր ունեցվածքը» բանաձևմամբ: Ծրագրի հաջողված հայեցակարգային մշակումների կողքին կազմակերպիչները որոշել էին մտնել ԱՄՆ պատենտային բյուրո ու այնտեղից «դուրս գրել» հայազգի գյուտարարներին՝ տպավորություն ստեղծելով, թե աշխարհահռչակ հայ գյուտարարները միայն ԱՄՆ-ում են ապրել:
Էկրաներին եվրոպացիները առնվազն 8 անգամ կարդացին USA մակագրությունը, բայց այդպես էլ չտեսան Եվրոպան ու Հայաստանը միմյանց կապող գլխավոր մարդ-խորհրդանշանին՝ Շարլ Ազնավուրին»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան