Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy

63
Այսօր, 00:39
«ԱՄՆ-ն մեծ ծրագրեր ունի Հարավային Կովկասում»․ #ForeignPolicy

«Քանի դեռ Իրանը ցնցվում է ներքին խժդժություններից, և Թրամփի վարչակազմը դիտարկում է ռազմական հարվածների հնարավորությունը, ԱՄՆ-ն միաժամանակ լուռ, բայց էականորեն մեծացնում է իր համագործակցությունը Իրանից հյուսիս գտնվող երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Թրամփի վարչակազմն ակտիվորեն ներգրավված է եղել երկու վաղեմի հակառակորդների միջև դիվանագիտական միջնորդության գործընթացում՝ շարունակելով ԱՄՆ-ի ջանքերը ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասի տարածաշրջանում տնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ՝ միջազգային առևտրի և ենթակառուցվածքների զարգացման միջոցով»,- այս մասին գրում է Foreign Policy-ն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները դանդաղ, բայց հաստատուն կերպով առաջ են շարժվել, ներառյալ սահմանների սահմանազատման և առևտրային արգելքների մեղմացման հարցերի լուծումը: Հենց Թրամփի վարչակազմի վերադարձն էր, որ արագացրեց խաղաղության գործընթացը: ...Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացան Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը՝ խաղաղության համաձայնագրի արարողակարգային ստորագրման համար, ներառյալ փոխադարձ հռչակագիրը, որ երկու կողմերն էլ շարժվում են համաձայնագրի վերջնական վավերացման ուղղությամբ, որը վերջ կդնի ձգձգված հակամարտությանը», - նշվում է հոդվածում:

Նշվում է, որ 2025 թվականի համաձայնագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը խոշոր տարանցիկ միջանցքի ստեղծումն էր, որը կկոչվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP): ԱՄՆ-ի կողմից աջակցվող ենթակառուցվածքային այս նախագիծը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանը Նախիջևանին՝ավտոմոբիլային, երկաթուղային և խողովակաշարային ճանապարհներով: Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ն 99 տարով կստանա այդ տարածքի զարգացման բացառիկ իրավունքներ, իսկ վերջին քննարկումները վերաբերել են նաև TRIPP-ի զարգացման ընկերությունում ԱՄՆ-ի 74 տոկոս բաժնեմասին, ընդ որում՝ Հայաստանը կպահպանի մնացած մասնաբաժինը:

Թեև տարածքը համեմատաբար փոքր է՝ ընդամենը 26 մղոն (42 կմ), դրա նշանակությունը տարածաշրջանային կապի տեսանկյունից կարող է հսկայական լինել: Կովկասյան տարածաշրջանը հարուստ է էներգետիկ պաշարներով, ինչպիսիք են՝ նավթը և բնական գազը (ինչպես նաև Կենտրոնական Ասիան՝ Կասպից ծովով), և հանդիսանում է կարևոր տարանցիկ հանգույց: Ադրբեջանն արդեն իսկ արտահանում է նավթ և գազ դեպի Թուրքիա, ապա Եվրոպա՝ ապահովելով եվրոպական էներգետիկ կախվածության դիվերսիֆիկացումը Ռուսաստանից: Միջանցքը կարող է նաև ավելի կարճ երթուղի տրամադրել, ինչի շնորհիվ կարելի է Կենտրոնական Ասիայից կրիտիկական նշանակություն ունեցող պաշարներ, այդ թվում՝ հազվագյուտ հողային մետաղներ տեղափոխել դեպի արևմտյան շուկաներ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ կան մի քանի գործոններ, որոնք կարող են բարդացնել Կովկասյան տարաշաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածությունը, հատկապես TRIPP-ի և այլ նախագծերի միջոցով ենթակառուցվածքային կապի ընդլայնման հարցում։

Առաջինն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեռևս պաշտոնապես ավարտված չէ։

Կարևոր իրադարձություն կդառնան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Չնայած հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի կուսակցությունն առաջատար է, սակայն երկրի ներսում և դրանից դուրս կան ընդդիմադիր խմբեր, ինչը ընտրությունները կարևոր փորձություն է դարձնում Փաշինյանի և խաղաղության օրակարգի համար։

Մեկ այլ մարտահրավեր է գալիս արտաքին դերակատարներից։ Ռուսաստանը բացահայտորեն դեմ է Կովկասում Արևելք-Արևմուտք նախագծերին, մասնավորապես նրանց, որոնք նվազեցնում են իր դերը՝ որպես էներգակիրների խոշոր մատակարար և տարանցիկ երկիր, ինչպես նաև այն ծրագրերին, որոնց մասնակցում են արևմտյան պետությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։

«Տարածաշրջանում կան բազմաթիվ խաղացողներ, որոնք ունեն սեփական շահերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու TRIPP-ի առաջմղման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կդառնան եվրասիական աշխարհաքաղաքականության կարևոր լծակ և այլ տարածաշրջաններում գործողությունների պոտենցիալ մոդել»,- ասվում է հրապարակման մեջ։