Վանաձորցի հասարակական գործիչ Լիլիա Աբրահամյանը գրում է. «Սպիտակի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը նորից մտքերի մեջ գցեց ինձ... Երեխաները երեխա են ծեծում, ու այնպես, որ վերջինս ծանր վնասվածքներով հայտնվում է հիվանդանոցում... Երեխաներից ոչ մեկին մեղադրել չեմ կարող։ Այդ տարիքի դեռահասները դեռ կայացման ճանապարհին են։ Բայց հենց այդ տարիքում է ձևավորվում անհատ, որը հետագայում կա′մ պիտանի կլինի հասարակությանը, կա′մ պարզապես իր սեփական օրենքներով միայն դժբախտություն կտարածի... Ցավոք, մեր իրականության մեջ հաճախ ենք հանդիպում բուլինգի դեպքերի։ Հատկապես դպրոցներում, որտեղ երեխաներն իրենց օրվա մեծ մասն են անցկացնում, շատ դժվար է այդ ամենը վերահսկել։ Դժվար է, բայց ամեն գնով պիտի վերահսկենք... Սրա մեղավորը երեխաները չեն, սրա մեղավորը մենք ենք... Մենք ենք՝ այն օրվանից, երբ կարդացող երեխան դարձավ «փիլիսոփա»... Այն օրվանից, երբ ջութակ նվագող տղան դարձավ «դոձիկ»... Երբ դասից հետո անմիջապես տուն շտապող տղան դարձավ «վախկոտ»... Երբ ծնողի հետ իր հետ կատարվածի մասին կիսվող երեխան դարձավ «մամայի բալա»... Երբ ֆիզիկական թերություն ունեցողն առանձնացավ մյուսներից... Երբ բուֆետից օգտվելու գումար չունեցողը դարձավ «բոմժ»... Երբ մյուսներից տարբեր կարծիք ունեցողը դարձավ «հոգեկան հիվանդ»... Երբ քիչ պակաս մտավոր ունակություն ունեցողը դարձավ «դաուն»... Երբ ուրիշին ծեծողը դարձավ «նայող»... Երբ ծնողը երեխային դպրոց ուղարկեց՝ գլուխը լցնելով, որ վերջինս պիտի թույլին նեղացնի, որովհետև ուժն է ծնում իրավունք... Դաստիարակե′ք ձեր երեխաներին, մի փչացրեք նրանց, ու նաև հենց ձե′ր ապագան... Այսօր ուրիշ երեխայի հայհոյողն ու ծեծողը վաղն իր սեփական ծնողի վրա է ձեռք բարձրացնելու։ Այսօր ուրիշի հանդեպ կարեկցանք չունեցողը վաղն իր ծնողին մի բաժակ ջուր չի տալու... Իրավունքն այդպես չեն ծնում, իրավունքը վաստակում են՝ խելքով, մտքով, սրտով ու գիտելիքով... Ցավալի է, շատ ցավալի, որ մեր հասարակության մեջ մենք ինքներս գազաններ ենք մեծացնում՝ մեր գլխին պատուհաս դարձնելով... Մի′ փչացրեք երեխաներին, թողե′ք մարդ մեծանան առաջին հերթին։ Դաստիարակությունն ընտանիքից է սկսվում, ուրեմն՝ սկիզբը լավ դրեք, ծնողներ ջա՜ն»: