Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 08 փետրվարի, 2026 թ.

«Հուդայաբար զրկել են ազատությունից, և տնային կալանքը համարվում է առաջընթաց»․ Լևոն Ջավախյան

79
Այսօր, 01:06
«Հուդայաբար զրկել են ազատությունից, և տնային կալանքը համարվում է առաջընթաց»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈՂԲԱՄ ԵՂԵԼՈՑ
Գյումրու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմի առաջնորդ Սրբազան Միքայել Աջապահյանի բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և դա համարվում է առաջընթաց, մի քայլ առաջ դեպի ազատություն։ Կուզեի նստածս տեղից վեր թռչել ու հանրահայտ ֆիլմի հերոսի՝ Գեորգի Վիցինի հանգույն պոռալ.
-Կեցցե' Հայաստանի Հանրապետության դատարանը, աշխարհում ամենահումանիստական դատարանը...
Դատում են սրբակենցաղ Մարդու, Կիլիկիայի Հեթում թագավորի եղբոր ժառանգներից մեկին, տոհմ, որից սերվել են Վեհափառ հայրապետեր, Սրբազան եպիսկոպոսներ ու վարդապետեր, դատում են առանց ամոթի ու փշուր մը խղճի, Սուրբ հոգու տեր Սրբազանի, ով ոչ մի մեղք չունի իր ազգի դեմ գործած, ում ծառայությունն իսկ միայն պատվի, հարգանքի ու պարծանքի են արժանի, մի Սրբազանի՝ ում անձն նվաստիս կարծիքով վաղ թե ուշ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից պիտի սրբադասվի Հայոց Սրբերի փաղանգում... Աստծո հավատավոր ծառային, առանց մեղքի նշույլի, սուտ մատնությամբ, հուդայաբար, առանց գթության, կամայական որոշմամբ զրկել ազատությունից, երբ Մարդը քաղցկեղով հիվանդ է՝ գտնվելով կյանքի և մահվան ջրբաժանում, երբ իր իսկ համար մահը ոչինչ է՝ ազգի ճակատագիրն ամեն ինչ, երբ անամոթությունն ու լիկտիությունն անցել են բոլոր բնագծերը, դատել նման Մարդու՝ Աստծո պատկերով և նմանությամբ, տառապանքի խաչը մեջքին, գանահարված Հիսուսի վայելքները հոգում և սրտում, դատե՞լ Աստծո նմանակի՞ն, ի հեճուկս Պիղատոսի՝ անլվա ձեռքերո՞վ...
Ի՞նչ ասես էս մարդկանց...
Բոլոր խոսքերն այլևս ասված են...
Ձայնս կոկորդում լռվում է, գրիչս պապանձված կանգ առնում, ձեռքերս ասես գերանդուց հնձված կախվում են կողքերիցս, իսկ դամոկլյան սրի տակ հայտնված գլուխս շարունակ ճար է փնտրում, փրկության մի ճար, լույսի մի շյուղ, հույսի մի պատուհան, թեկուզ և ՄԵՐ ՁԵՎՈՎ՝ հայավարի, որ շատ հեռու չէ տղավարի լինելուց...
Ընտրությունները բախում են հույսի դարպասները. ո՞վ է ազգի տղեն, ո՞վ կլինի ազգի վարչապետը, որ չլինի նա՝ ով բառաչում էր.
- Կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա...
Ողբամ եղելոց,
Բեկանեմ շանթեր,
Կոչեմ ապրողաց...»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան