«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
78
Այսօր, 01:06
Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «5 իրավական հարցադրում ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armeniaը՝ TRIPP–TIF-ի վերաբերյալ. 1․ Փաստաթուղթն ուղղակիորեն չի նախատեսում, որ TRIPP զարգացման ընկերությունը հիմնադրվում և գրանցվում է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է ՀՀ իրավաբանական անձ, թեև փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի առաջին նախադասությունից կարելի է անել նման ենթադրություն։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հստակ պարզաբանել, թե որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը։ 2․ Արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը, որն ըստ էության հանդիսանալու է Սյունիքի մարզով անցնող և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների օպերատոր, իր ստացած շահույթից վճարելու է հարկեր Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունը լինելու է հարկատու, թե ինչ-որ հիմքով ազատված է լինելու ՀՀ պետական բյուջե հարկ վճարելու պարտավորությունից։ Կամ արդյո՞ք TRIPP զարգացման ընկերությունից հայկական և ամերիկյան կողմերի ստացվող դիվիդենտը հարկվելու է։ 3․ Այն ենթակառուցվածքները, որոնք Հայաստանը տրամադրելու է TRIPP զարգացման ընկերությանը TRIPP-ուղին կառուցելու և շահագործելու համար, տրվելու են անհատույց, թե վճարովի հիմունքներով։ Այսինքն՝ կոնցեսիոն վճարներ լինելու՞ են, թե TRIPP զարգացման ընկերությունը անհատույց է ստանալու այդ հաղորդակցության կառուցման և շահագործման իրավունքները։ 4․ Փաստաթղթի անգլերեն տարբերակի 3-րդ էջի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը հնարավոր է մեկնաբանել այնպես, որ TRIPP զարգացման ընկերությունից ստացված շահույթը սկզբում ամբողջությամբ գնալու է ամերիկյան կողմին՝ մինչև նա ամբողջությամբ հետ ստանա իր ներդրած գումարները։ Արդյո՞ք դա այդպես է, այսինքն՝ Հայաստանը TRIPP զարգացման ընկերությունից շահաբաժին է ստանալու միայն այն բանից հետո, երբ ամերիկյան կողմն արդեն ամբողջությամբ ստացած լինի իր ներդրած գումարները։ 5․Որո՞նք են լինելու TRIPP զարգացման ընկերության հետ կապված այն հարցերը, որոնք ամերիկյան կողմը, ունենալով 74 % մասնակցություն, կարող է լուծել առանց հայկական կողմի մասնակցության։ Օրինակ՝ արդյո՞ք ամերիկյան կողմը կարող է միանձնյա նշանակել և ազատել TRIPP զարգացման ընկերության տնօրենին։ Նշված հարցերը չեն վերաբերում «Թրամփի ուղու» հետ կապված՝ սահմանային անվտանգության, մաքսային հսկողության և ինքնիշխանության հետ կապված TIF-ում առկա կարգավորումներին, որոնց վերաբերյալ առկա հարցերը կներկայացնեմ առանձին»։