«Վաղարշապատը` որպես ՔՊ-ի սպառված քաղաքականության ցուցիչ». Սուրեն Սուրենյանց
159
Կիրակի, 16 նոյեմբերի, 2025 թ., 22:00
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «ՔՊ-ի սպառված քաղաքականությունը․ Վաղարշապատը՝ որպես ցուցիչ Վաղարշապատի ընտրատեղամասերը փակվել են, և մինչ արդյունքները կհրապարակվեն, կարևոր է մի դիտարկում, որը դուրս է միայն այս ընտրության համատեքստից։ Այս ընտրարշավի վերջին օրը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանն առանձնացել է մի հայտարարությամբ, որը բացահայտում է իշխանության մտածողության տրամաբանությունը։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա վստահեցրել էր, թե Վաղարշապատում ՔՊ-ի համար չի կրկնվի Փարաքարի «ձախողված մոդելը», որովհետև այնտեղ ընդդիմադիր դաշտում հանդես էին եկել «ոչ քոչարյանական» ուժեր։ Սա, ըստ էության, բացահայտ խոստովանություն է, որ իշխանությունն իր հաջողությունը պայմանավորում է ոչ թե ծրագրային մրցակցությամբ, արդյունավետ կառավարմամբ կամ հանրային վստահությամբ, այլ՝ «ներկա–նախկին» արհեստական հակադրության շարունակական և գռեհիկ շահագործմամբ։ Խուդաթյանի խոսքն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ՔՊ-ն արդեն երկար ժամանակ քաղաքական պայքարը փոխարինել է հակառակորդների դեմոնիզացիայով։ Եվ եթե իշխանությունը կարողանում է հաղթել միայն այն դեպքում, երբ ընդդիմադիր դաշտում չկան «խիստ վտանգավոր» մրցակիցներ, ապա դա ոչ թե ուժի, այլ քաղաքական ամայացման և սպառվածության նշան է։ Միաժամանակ, Վաղարշապատի ընտրական մթնոլորտը ցույց է տալիս, որ հասարակության ներսում տեղի է ունենում կարեւոր տեղաշարժ․ *մարդիկ հոգնել են էմոցիոնալ շանտաժից, *«նախկինների» անվերջ թիրախավորումն այլևս չի աշխատում, ●*հանրությունը ակնկալում է բովանդակային քաղաքականություն, ոչ թե հնացած քարոզչական հնարքներ։ Եթե իմ եզրահանգումները ճիշտ են, առաջիկա ժամերին կլսենք Վաղարշապատում ՔՊ պարտության մասին, որն արդեն օրինաչափություն է դառնում՝ Գյումրիից ու Փարաքարից հետո»: