Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
![]() Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը՝ Քեզ, մեկը՝ Մովսեսի և մյուսը՝ Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին՝ Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին՝մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը՝ Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան՝ Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ՝ այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի՝ նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի՝ երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային՝ ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը։ «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով՝ երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով՝ հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»: |

Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
11103:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
19200:26
«Մանկական Եվրոտեսիլ 2025»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան (տեսանյութ)
146Երեկ, 22:48
Թբիլիսիում ընթանում է «Մանկական Եվրոտեսիլ 2025-ը»․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
125Երեկ, 20:30
«Խոսել եմ Պ.Սևակի թոռան հետ, հորդորել հանել քանդակը»․ Զարուհի Մուրադյան
166Երեկ, 15:42
«Չէ, սա Ախուրյանցի Անոյի կիսանդրին չէ, սա Պարույր Սևակի արձանն է»․ համացանցի արձագանքը (լուսանկար)
152Երեկ, 09:42
