Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2025 թ.

«Տուժողները, ինչպես միշտ, լուռ են»․ Հայկ Մարտիրոսյան

304
Շաբաթ, 19 հուլիսի, 2025 թ., 02:24
«Տուժողները, ինչպես միշտ, լուռ են»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում տեղի ունեցող երկրաքանդման բազում երևույթներից մեկն էլ անմեղ թվացող, բայց խորքում մայրաքաղաքում կյանքը անտանելի ու դժոխային դարձնող գծի առաջ տանումն է:
Ու այդ առաջմղման ամենացցուն, բայց ոչ ոքի կողմից չնկատվող երևույթներից մեկն էլ փողոցների երթևեկության կարգի փոփոխությունն է:
Անթիվ, անհամար արգելքներ են մտցվել: Ամբողջական ավտոբուսի գծեր են առանձնացվել, տասնյակ շրջադարձեր են արգելվել և որ ամենասարսափելին է՝ տասնյակ մեծ ու փոքր փողոցներ վերածվել են միակողմանի երթևեկության գոտիների:
Եթե միակողմանի փողոցներն աշխատում են խիստ կազմակերպված և «գրիդ»՝ շարքային կառուցվածք ունեցող քաղաքում՝ ինչպիսին Նյու Յորքն է, ապա պարտադիր չէ, որ դա աշխատի Երևանի պես արևելյան նողկալի բազարի վերածված իր էությամբ վրանային ավանում:
Շրջադարձերի արգելումը, կարգի փոփոխությունն ու հատկապես միակողմանիացումը մեծացնում են երթևեկի տարածությունը, խլում հսկայական ժամանակ, էլ ավելի ծանրաբեռնում երթևեկությունը, որովհետև ավելի երկար է նախկինի համեմատ մեքենան ճանապարհներին ժամանակ անցկացնում և վառելիք կամ հսկայաական հավելյալ էլեկտրաէներգիա ու մեքենայի մաշվածություն են արժենում վարորդներին:
Միակողմանիացումը Երևանի նման խոշոր գեղերում մշտապես հանգեցնում է երթևեկության էլ ավելի վատթարացման և հատուկ է տգետ, անուղեղ, բայց արագ ու մակերեսային լուծումներին ապավինող մտածողությանը:
Հիմա էլ միակողմանի է դառնալու Սարյան փողոցը: Մի բան, որ երթևեկը կենտրոնում դարձնելու է արդեն իսկ անհնար: Կենտրոնի փողոցները դարձել են օրվա տարբեր ժամերին անանցանելի, իսկ իրականում այս փոքրիկ գեղավանի ճանապարհներին կորսված ժամանակը ահռելի է դարձել:
Իսկ խորքում ոչ թե վիճակը բարելավելն է, այլ կյանքն իրոք որ անտանելի դարձնելը: Անտանելի, որ կյանքի որակի անկումից ճնշված՝ դեռևս արտագաղթելու ունակները թքեն՝ հեռանան երկրից: Որքան քիչ բնակչություն՝ այնքան հեշտ է լինելու եկվորների հաստատումը իրենց նոր հայրենիքում:
Ահա թե ինչու է ուղղությունը դառնում ամենուր միակողմանի: Դուրս: Միայն դեպի դուրս երկրից: Որ միակողմանի ուղով եկվորները հեշտ ներս գան: Միայն դեպի ներս:
Իսկ այս ամենից տուժողները, ինչպես միշտ լուռ են: Եվ շատերն անգամ գոհ են: Ինչպես միշտ:
Ինչպես միշտ՝ սրանց պարագայում»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան