Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Մեր պարտություններն ահռելի մեծ հաշվով են, ուղղակի թվերը չեն երևում»․ Նաիրա Կարապետյան

148
Երկուշաբթի, 24 մարտի, 2025 թ., 17:12
«Մեր պարտություններն ահռելի մեծ հաշվով են, ուղղակի թվերը չեն երևում»․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա, երբ կրքերը հանդարտվեցին, մի փոքր լրջանանք և վերլուծենք այս վիճակից դուրս գալու միակ ճիշտ ճանապարհի մասին:
Հայ-վրացական ֆուտբոլային այս ողբերգության ամենածանր պահը, թերևս, ոչ թե օթյակում հերթական պարտությանը հպարտ հետևող նիկոլա-իշխանական վերնախավի ինքնագոհ կեցվածքն էր, այլ մեկ այլ դրվագ:
Հավաքականի տղաները կանգնել էին երկրպագուների առջև՝ գլուխները կախ, այլայլված, ամաչած… Երկրպագուները նրանց խնդրում էին խոսել, պատմել, ահազանգել, թե ինչ է կատարվում ֆուտբոլի ֆեդերացիայում, ասել, թե ինչպիսինն են բարքերը, թե ինչպես է Մելիքբեկյանը ջնջում հայկական ֆուտբոլի երբեմնի համաշխարհային համբավը:
Տղաները լռում էին… Երկրպագուները փորձում էին նրանց հասցնել այն միտքը, որ նրանց ոչ ոք չի մեղադրում, բայց պետք է խոսել, պետք է փոխել, պետք է չվախենալ…
Նիկոլի իշխանությունը մեզ բերեց սրան։ Ամեն տեղ կան այսպիսի գլուխները կախ, հնազանդ, վարկաբեկվող մարդիկ, ովքեր վախենում են խոսել, ընդվզել, փոխել:
Եվ նրանք բոլորը հոգու խորքում սպասում են, որ կգան ուրիշ մարդիկ, կազատեն նրանց այդ անտանելի վիճակից:
Այս մասին նրանք բոլորը սովորաբար խոսում են նեղ անձնական միջավայրերում՝ ընկերների, բարեկամների հետ, պատմում նիկոլականների մի շարք ապօրինությունների, տոտալ անգրագիտության, մեծ ամբիցիաների մասին, հույս հայտնում, որ մի օր կհաջողվի անել իշխանափոխություն, բնականաբար առանց իրենց մասնակցության…
Չէ, հայեր ջան, դուք էլ պետք է քայլ անեք: Եթե չեք անում, նիկոլական եք մնում:
Չէ՞ որ բոլորովդ եք մեզ գցել այս արհավիրքի մեջ, բոլորդ եք պահում նրան՝ ձեր լռությամբ և վախերով, ձեր անձնական նեղ շահը ազգայինին գերադասելով:
Նիկոլները, մելիքբեկյանները, ալենսիմոնյաններն ու տիգրանավինյաններն այդքան ուժեղ չեն, որքան դուք եք պատկերացնում: Բայց քանի դեռ կա առողջ ծառը կտրողը, գերիների մասին լռողը, ամեն բան կորցրած արցախցուն նպաստից զրկողը, զոհվածի ծնողին քաշքշողը, ընդդիմադիրին անհիմն դատողը, խաղաղ մարդկանց վրա լուսաձայնային նռնակ նետողը, «ես իմ գործն եմ անում» ասողը, նիկոլենք ավելի ու ավելի են առաջ գնալու:
Սթափվե՛ք, հայեր ջան, փոխեք ձեզ։ Ֆուտբոլում պարտության հաշիվը տաբլոյի վրա երևում է, իսկ կյանքում մեր պարտություններն ահռելի մեծ հաշվով են, ուղղակի թվերը չեն երևում։
Հ.Գ. Ողջունում եմ Օզբիլիսի քաջությունը՝ բաց խոսելու: Եղբայր, կեցցես, խոսի՛ր: Դուք ֆուտբոլ եք կորցնում, մենք՝ մի ամբողջ երկիր, պատմություն, արժանապատվություն: Խաղից հետո մեր երկրպագուների հանդեպ վայրագությունը վկա»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան