«Ճառագայթային դոզան ֆլյուրոգրաֆիկ հետազոտման ժամանակ տասնյակ անգամ ցածր է R-հետազոտությունից»․ Ծաղիկ Վարդանյան
649
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 09:30
«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա էլ ֆլյուրոգրաֆիան են արգելում։ Կառավարությունը որոշում է կայացրել, որ այսուհետ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում չպետք է իրականացվի: Որոշման հիմնավորումը հետևյալն է՝ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունը անարդյունավետ է, Հայաստանում գործող սարքերը հին են: Եկեք հասկանանք, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ բազմաթիվ խճճված առողջապահական հարցերի կծիկի մեջ առանձնացրեցին հենց այս հետազոտությունը և արմատական որոշում կայացրեցին՝ ԱՐԳԵԼԵԼ: Ի լուր աշխարհի առողջապահության նախարարությունը «համարձակ» ասում է, որ այնքան Է հագեցած ՀՀ-ն R-սարքերով և ԿՏ-ով, որ այսուհետ ֆլյուրոգրաֆիայի փոխարեն իրականացնելու են ա՛յդ հետազոտությունները և ոչինչ, որ դրանք թանկ են ավելի: Քաղաքացին գրպանից շատ կվճարի, իսկ պետությունն էլ՝ շուրջ 15,0 մլն դրամ ավել Պետական բյուջեից կծախսի պետական պատվերի համար (պետական պատվերով տարեկան իրականացվում էր առնվազն 25-30 հազար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն ծառայության գինը՝ 1900 դրամ էր): Հիշեցնեմ, որ ֆլյուորոգրաֆիան կրծքավանդակի օրգանների հետազոտման արագ և հուսալի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել թոքերի (տուբերկուլոզ, սարկոիդոզ, թոքաբորբ, պլևրիտ, կիստա և այլ գոյացություններ),սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, միջնորմի հիվանդություններ, կրծքավանդակի ոսկրային համակարգի հիվանդություններ և այլն: Ֆլյուրոգրաֆիկ, ֆլյուրոսկոպիկ հետազոտման մեթոդը մինչև արգելելը կիրառվում էր որպես հիմնականում սկրինինգային հետազոտության մեթոդ և ներառված էր մի շարք մասնագիտական խմբերի բժշկական պրոֆիլակտիկ զնումների փաթեթում: Հավելեմ, որ դեռևս գործում է զորակոչի ժամանակ հանրապետական հավաքակայան ներկայացած զորակոչիկների պարտադիր ֆլյուորոգրաֆիկ հետազոտության պահանջը, իսկ առողջապահական, սննդի, հանրակրթական դպրոցի և այլ ոլորտների աշխատողների համար տուբերկուլոզի նկատմամբ հետազոտությունը կատարվում է «թոքերի գործիքային հետազոտությամբ», այսինքն՝ բժշկական կազմակերպությունները կարող են կատարել և ֆլյուրո, և ռենտգեն հետազոտություն: Հավելեմ նաև, որ ԱՄՆ-ի վիզա ստանալու համար նույնպես պահանջվում է ֆլյուրոգրաֆիկ կամ ռենտգեն հետազոտության պատասխան, ասել կուզեմ ՝ ԱՄՆ-ն ընդունում է ֆլյուրոգրաֆիկ հետազոտության պատասխանը: Բայց այնուամենայնիվ, արդարացվա՞ծ է ֆլյուրոգրաֆիկ հետազոտության արգելելը և իրականում նա այնքան անարդյունավետ է և վտանգավոր, որ պե՞տք էր արգելել դրա կիրառումը: Արդյունավետության առումով փաստում եմ, որ թվային ֆլյուրոգրաֆիկ սարքերը առանձնապես չեն զիճում R-սարքերին իրենց հետազոտական արդյունավետությամբ: Նաև հետաքրքիր է, առողջապահության նախարարությունը կամ այլ հետազոտող կազմակերպություն ՀՀ-ում արձանագրե՞լ է ֆլյուրոգրաֆիկ հետազոտության ոչ հավաստի պատասխանի արդյունքում տուժած անձանց, կամ նման դեպքեր, որ հենց նրա համար, որ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն է իրակացավել, անձի առողջությանը էական վնաս է հասցվել: Պացիենտի և բուժաշխատողի ճառագայթային անվտանգության առումով ներկայացնում եմ ճառագայթման միջին դոզաները. Ժապավենային Ֆլյուրոգրաֆիա 0,15-0,5մԶվ Թվային Ֆլյուրոգրաֆիա 0,02-0,065մԶվ Կրծքավանդակի R-գրաֆիա(1 պրոեկցիա) 0,1 մԶվ Կրծքավանդակի R-գրաֆիա(2պրոեկցիա) 0,2-0,3 մԶվ Վերոգրյալից ակնհայտ է, որ ճառագայթային դոզան ֆլյուրոգրաֆիկ հետազոտման ժամանակ տասնյակ անգամ ցածր է R-հետազոտությունից: Անդրադառնանք ֆլյուրոգրաֆիկ սարքավորումների հին, ոչ պիտանի լինելուն. ՀՀ առողջապահության նախարարություն, տարիներով առանց ընդմիջման զինում , վերազինում եք բժշկական կազմակերպությունները, դեռ 80-ականների սարքեր ունե՞ք, թե ռենտգեն սարք ձեռք բերելը ավելի «հարմար» է քան օրինակ՝ Ֆլյուրոն: ՀՀ-ում սարք/սարքավորումների ներմուծումը կարգավորված է մասամբ և անհասկանալի invoice-ներով ներմուծվող «նոր» ռենտգեն, ԿՏ, ՄՌՏ և այլ սարքերը արդյո՞ք գործարանային ծագում ունեն, թե արտրեկրում «պադվալային մի ցեխում» իրենց կլինիկաներից պիտանելության ժամկետը լրացած և վերանորոգված սարքեր են: Այս մասով անելիք չունե՞ք: Զավեշտ, Հայաստանում արգելում են իրականացնել ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն, իսկ օրինակ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսրայելում դրա կիրառումը սահմանափակ է, սակայն արգելված չէ։ Հետսովետան պետություններում՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում, այն շարունակվում է կիրառվել որպես հետազոտման մեթոդ՝ բժշկան կանխարգելիչ զնումների ժամանակ և այլն: Ինչպես կարգավորել ֆլյուրոգրաֆիկ հետազոտության կիրառումը ՀՀ-ում 1.Անընդունելի է ֆլյուրոգրաֆիկ հետազոտության արգելելը, կիրառությունից հանելը, նրա կիրառումը պետք է ընդամենը սահմանափակվեր և կարգավորվեր ՀՀ ԱՆ գործելակարգերով։ 2. Անկախ տեխնոլոգիական նոր մոտեցումների, որպես աշխարհաքաղաքական լարված տարածաշրջանի պետություն, որտեղ ամեն պահ կարող են ծավալվել ռազմական, ահաբեկչական գործողություններ, որպես մասսայական հետազոտման մեթոդ այն պետք էր թողնել մեր բժշկական զինանոցում: 3. Ֆլյուրոգրաֆիան արգելելուց առաջ պետք էր ռենտգեն, ԿՏ հետազոտությունների իոնիզացնող ճառագայթի հետ կապված ռիսկերը կարգավորել: Անվտանգային խնդիրների առումով նպատակահարմար է, որ անձը ռենտգեն, ԿՏ հետազոտվի ոչ ավել քան տարեկան 1-2 անգամ: Առողջապահության նախարարությունը ուսումնասիրել է միջին հաշվով թիրախային խմբերում մեկ անձին տարեկան քանի՞ ԿՏ, ռենտգեն հետազոտություն է ընկնում։ Իսկ գործող «ատկատային» մեխանիզմից տեղյակ չե՞ք: Հ.Գ . Եթե ինձ համոզեք, որ ԱՆ խորհրդատուներն են հուշել ԱՐԳԵԼԵԼ ֆլյուրոգրաֆիան ՀՀ-ում, պատասխանեմ, քանի դեռ կա բիզնես շահ և շուկայական մրցակցություն՝ պետականամետ մոտցումները հետին պլան են մղվելու: Ամենայն հարգանքով, Ան ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ, ռուտին աշխատանքը բավարար ծանրաբեռնվածություն է ձեզ համար, ավելինի տեղ չկա։ Հ.Գ․ Նիկոլ Փաշինյան, Տեսեք ինչքա՜ն անելիք ունի առողջապահության նախարարությունը»։