«Թշնամիների ու նրանց դրածոների ծրագիրը ՀՀ մասնատումն է»․ Արմեն Այվազյան
63
Այսօր, 02:36
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Ո՞րն է թշնամիների ու դրածոների ծրագիրը․ Հայաստանում ստեղծել տնտեսապես ու հոգեբանորեն ծանր, անկարգ, խառնաշփոթ մի իրավիճակ։ Հանրության ամբողջ ուշադրությունը շեղել առօրյա կենցաղային հոգսերի, ինչպես նաև ազգային-պետական արմատական արժեքների դեմ խունտայի ամենօրյա հարձակումների և դրանց շուրջն անընդհատ ընթացող անպտուղ, թատերականացված բանավեճերի և աղմկահարույց ելույթների վրա։ Մահու չափ հոգնեցնել և հյուծել հայ մարդկանց, բթացնել նրանց զգոնությունը։ Այնուհետև մի գեղեցիկ օր ի լուր աշխարհի հայտարարել թշնամու հերթական ստորացուցիչ պահանջներն ընդունելու մասին։ Միաժամանակ պայմաններ ստեղծել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հաջողության համար։ Վերջնական տեսքով ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության մասնատում. Սյունիքն անցնում է Ադրբեջանին, մնացորդը հանձնվում է ՌԴ-ի կամ գուցե ԵՄ-ի խնամակալությանը (այս հարցում դեռ սակարկում են)։ Կարճ ժամանակ անց ՀՀ-ի մնացուկները՝ ներառյալ Երևանը ամբողջապես հայաթափվում և թուրքացվում են։ ՀՀ այսօրվա իշխանության և նրան սատարող «ընդդիմության» ղեկավար դեմքերն արագորեն չվում են հեռու-հեռուներ՝ հետևելով նախկին իշխանությունների բազմաթիվ գործիչներին (Վիգեն Սարգսյան, Գ. Կոստանյան, Մ. Մինասյան, շատ ու շատ ուրիշներ)։ Ըստ այսմ, Նիկոլի ու ՔՊ-ի հետ հարց ու պատասխանի մեջ բռնվելը վաղուց ժամանակավրեպ և ինքնին շեղող ու ապակողմնորոշող գործ է, եթե նպատակը, իհարկե, նրան անընդհատ լեգիտիմացնելը չէ։ Քննարկումների գլխավոր առարկան պետք է լինի այն, թե ո՞վ՝ ո՞ր ուժը, ե՞րբ և ինչպե՞ս է կարողանալու կասեցնել խունտայի այս ազգակործան ընթացքը։ Ո՞Վ, Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս»։