«Ալիևի ախորժակը ոչ միայն «զանգեզուրի միջանցքն» է, այլ նաև ոչ ավել, ոչ պակաս՝ Իրանը»․ Դավիթ Կարապետյան
88
Երեկ, 15:06
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի տրիգերն ու մեր տրագիկոմեդիան… Սիրիական դրամայից հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան երբեք անկեղծ է: Վերջինս իր ծավալապաշտական ու առավելապաշտական ծրագրերի ու բացված ախորժակի մասին խոսում է բացեիբաց, առանց կաշկանդվելու: Մարդն եթե օրեր առաջ ասում էր, որ գրեթե ողջ Սիրիան ու Երուսաղեմն է թուրքական և մի օր վերադարձվելու է, ապա այսօր ասում է՝ «Թուրքիան չի սահմանափակվում իր 782 հազար քառ. կմ սահմաններում: Մենք պետք է տեսնենք այն առաքելությունը, որը պատմությունը դրել է մեր ուսերին, ընդունենք այն և գործենք այդ ուղղությամբ»: Նա հաշտ չէ և չի կարող «սահմանափակվել» այսօրվա սահմաններով ու տարածքով Թուրքիա պետության հետ ու նպատակն է վերականգնել նախկին՝ մինչ առաջին աշխարհամարտի ավարտի տարիներն ընկած Օսմանյան կայսրության տարածքները, ինչու չէ նաև կյանքի կոչել «Մեծ Թուրանի» գաղափարը: Այս համատեքստում հասկանալի է դառնում, որ նեոօսմանիզմի քաղաքականություն որդեգրած Էրդողանի համար թիրախներ են դիտարկվում՝ Հունաստանը, Հայաստանը, Սիրիան, Իրաքը, Իսրայելը, Լիբանանը, Լիբիան, Թունիսն ու Եգիպտոսը: Իսկ Ադրբեջանը. Ադրբեջանը մեզ հայտնի նկրտումներից բացի այս պահին, բարձրաձայնում է այն կետերը, որոնք «խաղաղության պայմանագրի» մեջ որպես անհերքելի պայման ներառել է, բայց Հայաստանի «դաբրոն» դեռ չի ստացել: Ալիևը նշել է, որ «խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 15-ն արդեն համաձայնեցված են։ Իսկ մնացյալ երկուսը՝ փոխհատուցման փոխադարձ հայցերից և սահմանին օտարերկրյա ուժերի տեղակայման մասին հրաժարվելու հարցերը Հայաստանի հետ համաձայնեցման փուլում են: Վերջինս որպես պայման նաև ակնարկում է, որ 4 տարի է պահանջվել «Ղարաբաղի օկուպացիայի» տարիներին հասցված վնասի վերլուծության համար և այն ֆիքսվել է փաստաթղթերով: Ըստ այդ հաշվարկների հասցված վնասը կազմում է 150 միլիարդ դոլար։ Այս մասով զարմանալի է, որ կոմտրիբյուցիաների ու ռեպարացիաների, «300 հազար գաղթականների վերադարձի», ինչպես նաև միջազգային ատյաններից հայցերի հետկանչման պահանջները, որոնք շատ հաճախ հնչում են, պայմանագրում որպես կետ չկան: Չնայած, չեմ բացառում, որ դրանք ևս ընթացքում ներառվեն: Եթե պայմանագրի մեջ էլ չլինի, ապա՝ հաջորդիվ: Փաստ է, որ Ալիևը վերոնշյալից չի հրաժարվելու: Նա նաև պետք է ասի (ի դեպ, այս հարցում ես նրա հետ համակարծիք եմ), որ Հայաստանը Ադրբեջանի հետ զինման մրցավազքում չի դիմանա և որ Երևանը պետք է հասկանա՝ ԱՄՆ֊ն և Ֆրանսիան հողի վրա նրան չեն օգնելու։ Ավելին՝ Ադրբեջանը Արևմուտքի կողմից Հայաստանի զինման պատճառով ստիպված եղավ ընդունել ռեկորդային՝ 5 միլիարդ դոլլար կազմող ռազմական բյուջե։ Եվ դա իրոք այդպես է. Ադրբեջանը 2025թվականի պետական բյուջեի նախագծով պաշտպանության և ազգային անվտանգության բյուջետային ծախսերը ավելացրել է 1,02 միլիարդ դոլարով՝ հասցնելով այն մինչև 4.9 մլրդ դոլարի (բոլոր ծախսերի 20.3%)։ Իհարկե, ոչ թե նրա համար, որ Հայաստանը, զինվում է (դա ընդամենը պատրվակ է), այլ որ ծավալապաշտական նկրտումներ ունի Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Իսկ դրա համար պետք է զինված, սպառազինված հզոր բանակ: Հեգնանքով էլ պետք է ավելացնի, որ Հայաստանը, ըստ էության, դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Մեր ճշտված տվյալներով՝ դե յուրե չհեռանալու միակ պատճառն այն է, որ դեռ Պետդեպարտամենտի թույլտվությունը չեն ստացել։ Հենց ստանան, դուրս կգան։ Իսկ խոսքի վերջաբանում հաստատել է (որի հետ ևս համաձայն եմ), որ այսօր Ռուսաստանը և Ադրբեջանը երկու հուսալի դաշնակիցներ են։ Մեր երկրների համար ծանր ժամանակներում մենք միշտ ցուցաբերել ենք իրավիճակի գիտակցում և մեզ պահել ենք բարեկամաբար։ Այս ամենին զուգահեռ Նախիջևանի համազորային բանակի հրամանատարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարի հետ, որից հետո թուրքական բանակի ցամաքային զորքերի հրամկազմն ու ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու, Ադրբեջանի սահմանային կոմիտեի ղեկավարն էլ այցելել է Թուրքիա: Էվ այս ամենը՝ Էրդողան-Ալիև հեռախոսազրույցից հետո, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին: Առհասարակ՝ օրերի տարբերությամբ տեղի է ունեցել ռազմական, պաշտպանական մակարդակում բարձրաստիճան պատվիրակություններով 4-5 շփում: Էլ չեմ խոսում համատեղ անցկացված համատեղ զորավարժությունների ու 2 ամսվա ընթացքում՝ Իսրայելից, Թուրքիայից ռազմական տեխնիկայով բեռնված շուրջ 30 թռիչքի մասին: Այս ամենը հուշում է, որ ինչ որ բան է նախատեսվում և որ ձեռք են բերվում համաձայնություններ ու պայմանավորվածություններ: Սա խոսում է այն մասին, որ թշնամին ակտիվորեն պատրաստվում է պատերազմի և այդկերպ կարծես անոնսավորում է պատերազմը: Չի բացառվում, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակման նախապատրաստական աշխատանքներ ու ռազմական կոորդինացիա է տեղի ունենում: Այդ համատեքստում նաև ստեղծվելիք իրավիճակից օգտվելու և «Զանգեզուրի» հարցը ռազմական միջոցով լուծելու խնդիրն են քննարկում: Եթե Էրդողանի ախորժակը Սիրիան և Իրաքն է, ապա Ալիևի ախորժակը ոչ միայն «զանգեզուրի միջանցքն» է, այլ նաև ոչ ավել, ոչ պակաս՝ Իրանը։ Երբ Իրանի վրա լինի ցամաքային հարձակում, ամենայն հավանականությամբ Ալիևը երկրորդն է անցնելու ցամաքային հարձակման։ Մանավանդ՝ իր տարածքն արդեն իսկ որպես պալիգոն ծառայեցվում է Իսրայելի հակաիրանյան կամպանիա իրականացնելու համար: Այս մասով, կարծում եմ, Իրանը քաջատեղյակ է և հասկանում է, որ որպես առաջնահերթ խնդիր դրված է երկրի կազմաքանդումը ներսից, եթե ոչ, ապա սա սցենար 2-ն է լինելու: Իսկ Հայաստանը պիտի զինվի, ամրոցի վերածի Սյունիքն ու Վայոց Ձորը և պատրաստ լինի ցանկացած պահի, ցանկացած սցենարի: Այստեղ երկրորդ տարբերակը լինել չի կարող: Մեր հույսը մենք ենք: Ոչ ոք մեր փոխարեն մեզ չի պաշտպանի ո՛չ մի արհավիրքից, ո՛չ մի հարձակումից ու էքսպանսիայից: Աշխարհը թքած ունի, լավագույն դեպքում կարեկցող է: Պետք է պայքարենք, անգամ երբ գիտակցում ենք, որ թշնամու թվաքանակը գերազանցում է մեզ, մենք էլ՝ հյուծված: Բայց մի մեծ բայց. այս իշխանությունների հետ երբեք չի կարելի գնալ պարտադրված պատերազմի և առհասարակ՝ երկրի պաշտպանության մասով հույսեր կապել: Այս իշխանություններն, ի դեմս վարչապետի, բազմիցս է շեշտել, որ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելը բացառում է: Հետևաբար, չի բացառվում, որ Հայաստանի հարավի էքսպանսիայի պարագայում ոչ միայն պաշտպանական ու կանխարգելիչ պատերազմ չմղվի, այլև պարզապես հանձնվի ու նույն պատասխանը հնչի: Չի բացառվում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով Փաշինյանը զոհաբերի Սյունիքն ու Վայոց Ձորը, ինչպես դա արեց Արցախի հետ։ Այդժամ պատասխանն էլ գիտենք՝ չէր կարող գնալ էսկալացիայի, որ ամբողջ պետությունը չկորցնի։ Սյունիքը պետք է տար, որ Երևանը փրկեր: Այս մասով, Հայաստանի հատուկ ծառայություններն արդյո՞ք գործընկեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստանում են տեղեկատվություն, թե ինչ են քննարկում Բաքվում ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան զինվորականները։ Կարծում եմ՝ այո՛: Միանշանակ է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, նաև Ֆրանսիայի հատուկ ծառայությունները ևս ունեն այդ ինֆորմացիան։ Ինչ վերաբերում է արհեստականորեն օրակարգային հարց դարձած՝ «300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձին», ապա եթե այս իշխանություններն արդեն իսկ չեն տվել իրենց համաձայնությունը կամ իրոք դեմ են դրան, ուրեմն պետք է ասեն հետևյալը. Հայաստանում 1980-90 ականներին 300 հազար ադրբեջանցի չի բնակվել: Արխիվային հազարավոր փաստաթղթերով հաստատվում է, որ Հայաստանից ինքնակամ հեռացել է 168 հազար ադրբեջանցի, որոնք, ի տարբերություն ադրբեջանից եռակի անգամ ավել բռնագաղթված հայերի (չհաշված վերջին էթնիկ զտման արդյունքում 150 հազար արցախցիներին), անարգել վաճառել են իրենց տներն ու ունեցվածքն և անխոչընդոտ լքել են Հայաստանը: Անգամ կան բազում արխիվային փաստաթղթեր, որտեղ ադրբեջանցիներն իրենց գոհունակությունն են հայտնում հայերիս բարեվարքության ու դրսևորած հումանիզմի համար: Հետևաբար՝ սա նոնսենս է ու անհեթեթություն: Իսկ եթե այդուհանդերձ սա շահարկման առարկա է, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Ադրբեջանի վարչական կազմում գտնվող միայն Գարդմանում (Հյուսիսային Արցախ՝ Քարհատ, Գանձակ, Գետաբակ, Շահումյան, Գետաշեն և այլն) իրենց պատմական հայրենիքում բնակվել են 120,000-ից ավել հայ, որոնք բռնի տեղահանման են ենթարկվել: Էլ չեմ խոսում՝ Նաիջևանից, Բաքվից ու Սումգայիթից գաղթածների թվաքանակի մասին: Կարո՞ղ է Ադրբեջանն ապահովել նրանց և վերջին իրադարձությունների արդյունքում 120 հազար հայերի անվտանգ վերադարձն իրենց ծննդավայր ու երաշխավորել նրանց անվտանգությունը։ Իհարկե՝ ո՛չ: Չի կարող և չի ուզում։ Հետևաբար՝ ադրբեջանցիների առաջ փակ են մեր դռները, առավել ևս, քանի դեռ արտաքսված հայերը չեն վերադարձել Արցախ, Գարդման, Նախիջևան ու չեն ստացել կրած վնասների հատուցում։ Ի դեպ, այս մասով հայկական մի շարք կազմակերպություններ դիմել են ՄԱԿ-ի մի շարք կառույցների՝ 1988-2023թթ ընթացքում բռնի տեղահանված առնվազն 350.000 հայերի վերադարձի, սեփականության հանդեպ ունեցած իրավունքի վերականգման և խլված ունեցվածքի փոխհատուցման պահանջով: Ընդ որում՝ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է առաջիկա 1 ամսվա ընթացքում պատասխանել այդ պահանջին: Մնում է հասկանալ, թե ՀՀ գործող իշխանություններն, ի վերջո, ե՞րբ են նման խոսույթով հանդես գալու: Չնայած՝ նահանջող, զիջող, կռացած, համակերպվող ու նվաստ, դիլետանտ-դեմագոգ, ամբարտավան, արկածախնդիր ու բախտախնդիր իշխանություններից ի՞նչ ակնկալես: Ոչ մի բան… Այս ամենին արձագանքելու խոխարեն՝ էժանագին «ընտանիքաշոու»-ի ցնդաբանություն-տաֆտալոգիաների, մանիպուլյացիաների, էմոցիոնալ սպեկուլյացյաների, կեղծ օրակարգերի, ազգադավ, ապազգային սիմուլյանտ-շիզոֆրենիկի՝ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին» տականքատգիտության ու կոլաբորացիոնոզմի մարաֆոնի ականատեսն ենք: Մեզ հասնում է այսպիսի իրականությունը: Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին: Ականջդ կանչի՛, Աբրահամ Լինքոլն. - «Կարելի է հիմարեցնել ժողովրդի մի մասին ամբողջ ժամանակ, կարելի է հիմարեցնել ողջ ժողովրդին որոշ ժամանակ, բայց անհնար է հիմարեցնել ողջ ժողովրդին միշտ» - Հնարավոր է… Նիկոլ Փաշինյան Շարունակե՛ք ապատիան ու համակերպվածությունը: Դա լավագույն տարբերակն է»: