«Ինչպես են նվաստացնում «հերոսներին»». Կարեն Հեքիմյան
121
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 06:12
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես են նվաստացնում հերոսներին: Գիտեք, չէ՞, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, հարկատուները հերոսներ են: Այժմ պատմեմ, թե ինչպես են նվաստացնում հերոսներին: Ուրեմն, Երևան, բազմաբնակարանային շենք: Դե, պարզ է, որ շենքի բնակիչների մեծ մասը հերոս է: Այդ հերոսներից մեկի բնակարանը հանկարծ հոսանքազրկվեց: Չմտածեք, բնակարանի սեփականատեր հերոսն ամեն ինչի համար վճարել է: Հերոս է, չէ՞: Վերջինս զանգահարում է շենքը սպասարկող, Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի աշխատակից-տեսուչին՝ Կարոյին: Կարոն ասում է, որ զբաղված է, այնուհետև՝ որ «ընդհանուր վթար է» (՞՞՞), հետո՝ որ հրաժարվում է սպասարկել, հետո՝ հայհոյում է և այլևս զանգերին չի պատասխանում: Նախկին փորձից ելնելով, հերոսը հասկանում է, որ տեսուչ Կարոն իր գործը կատարելու համար գումար է ակնկալում: Ինչևէ... Հերոսը կրկին ստուգում և համոզվում է, որ ամբողջ շենքում միայն իր բնակարանն է հոսանքազրկված: «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ի (ՀԷՑ) 180 հեռախոսահամարը չի պատասխանում: Հերոսը ստիպված ուղևորվում է ՀԷՑ-ի հաճախորդների սպասարկման կենտրոն: Այդ ընթացքում ՀԷՑ-ի հեռախոսահամարը, շուրջ 40-45 րոպե անց, պատասխանում է: Պարզվում է, որ ՀԷՑ-ի օպերատորը չունի անուն-ազգանուն: Նրան 211-րդ են կոչում: 211-րդը լսում է հերոսին, սակայն չի կարողանում կապվել Կարոյի և վերջինիս ղեկավար Վարդանյանի հետ: Խնդիրը մնում է չլուծված: Քանի որ հերոսը գտնվում է ՀԷՑ-ի հաճախորդների սպասարկման գրասենյակում, ապա դիմում է գրում և պահանջում վերականգնել իր բնակարանի էլեկտրամատակարարումը և կարոյանմանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Հերոսն անընդհատ զանգում է ՀԷՑ: Շուրջ 5 ժամվա ընթացքում հերոսը կարողանում է 2 անգամ զրուցել 211-որդի և մեկ անգամ 202-րդի հետ: Ընդ որում, 202-րդն անջատեց հեռախոսը: ՀԷՑ-ի Կարոյի ղեկավար Վարդանյանը 5 ժամվա ընթացքում հեռախոսազանգերին չպատասխանեց: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ի հեռախոսահամարը նույնպես 5 ժամվա ընթացքում չպատասխանեց: Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նաիրան, տեղյակ էր, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, հարկատուները հերոսներ են, սակայն քաղաքապետարանի անունից պնդեց, որ ոչնչով չի կարող օգնել հերոսին: Ի զարմանս հերոսի, շատ օպերատիվ էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Վերջինս գոնե պատրաստակամություն հայտնեց օգնելու հերոսին: Ահա, այսպիսի պատմություն: Շուրջ 5 ժամ անց, չգիտեմ ինչպես, էլեկտրականությունը «մտավ» հերոսի բնակարան: Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք հարկատուների կենացը, քանզի վերջիններս հերոս են»: