Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ.

«Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ»․ Գարիկ Քեռյան

37
Այսօր, 02:30
«Սպիտակ տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրամփը դադարեցնելու է պատերազմը Ուկրաինայում, և ինչպես բազմիցս ինքն է նշել, շատ կարճ ժամանակամիջոցում: Ինչպես և ինչ մեթոդներով, նույնպես շատ պարզ է: Զենքի և զինամթերքի մատակարարման դադարեցմամբ, որից հետո Զելենսկին հաստատ կգնա զինադադարի: Դեռ ավելին, ԱՄՆ նոր նախագահը եվրոլիդերների առջև դնելու է կատարված ծախսերի և վնասների համամասնական բաժանման պահանջը, եվրոպացիների անվտանգության համար ծախսված միլիարդները չպետք է մնան ամերիկյան ժողովրդի ուսերին: Այս մտքերն են հնչել նախագահական քարոզարշավի ամբողջ ընթացքում, և դրա համար էլ Թրամփը հաղթեց ընտրություններում:

Թվում է, թե ամեն ինչ պարզ ու հասկանալի է: Սպիտակ Տունը նոր ռազմավարություն է որդեգրելու, որն անշուշտ ունենալու է գլոբալ և ռեգիոնալ հետևանքներ: Ի՞նչ հետևանքներ, կրկին դժվար չէ կռահել, հատկապես Հայաստանում: Բայց արի ու տես, այս պարզ ճշմարտությունները հասկանալու և ընդունելու փոխարեն հայաստանյան արևմտասեր քաղաքագետները իրենց դարակազմիկ, ոչ հիմնավոր թեզերն են շրջանառում զանգվածային լրատվամիջոցներով, որոնք խմբագրելով ու եզրահանգումները ամփոփելով՝ կարելի է նշել հետևյալը՝

1. Թրամփի ասածները շատ լուրջ մի՛ ընդունեք, շատ էլ, որ ասել է, նա շարունակելու է պատերազմը մինչև հաղթական ավարտ, որովհետև Պուտինը չի զիջի ոչինչ,

2. Ուկրաինայում կռվում են հանուն ժողովրդավարության և պետք է քաջալերել նրանց:

3. ԱՄՆ շատ քիչ է ծախսել, չնչին են դրանք, գանձարանը չի դատարկվել և կարող են շարունակել բայդենյան գործելակերպը,

4. Հայաստանի ապագա անվտանգությունը ժողովրդավարության մեջ է, և դրա համար հակաժողովրդավարական Ռուսաստանի՝ ագրեսորի պարտությունը կլինի ժողովրդավարության հաղթանակ: Եվ այսպես շարունակ:

Թրամփի հակապատերազմական հռետորաբանությունը զարմանալիորեն շատերի սրտով չէ, և զարմանալի է, որ այդ երևույթը պատերազմներից մասնատված, ծվատված և քայքայված Հայաստանում է, և առավել զավեշտալի է, որ այդ տոնով խոսում են ժողովրդավարության ջատագովները: Ժողովրդավարությունն առաջին հերթին հումանիզմ է ենթադրում: Հումանիզմն իր հերթին ոչինչ է, եթե չկա կյանքի իրավունք: Ո՞վ է հարցրել ուկրաինական ճակատում իրենց կյանքը կորցրած հարյուր հազարավոր ռուս և ուկրաինացի երիտասարդներից, իրենց համար ո՞րն է նախընտրելի, մահը հանուն ժողովրդավարությա՞ն, թե՞ կյանքը ոչ ժողովրդավար երկրում: Խոսելուց առաջ մտածեք և կշռադատե՛ք, հարգելի՛ գործընկերներ:

Եվ վերջում ավելացնեմ՝ վրաց ժողովրդի քաղաքական ներկա ղեկավարությունը տվեց այս հարցադրման պատասխանը, ուսանելի և ազգանպաստ որոշում և ուղերձ ժողովրդավարության ջատագովներին, որն էր՝ «ո՛չ Վրաստանի ուկրաինացմանը»: Ես հուսով եմ, որ մեր ներկա իշխանությունները չեն անտեսի հարևան երկրի օրինակը»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան