Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին». Հակոբ Բադալյան

47
Այսօր, 11:00
«Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ Արգիշտի Քյարամյանին

Եթե դա տեղի չունենա, ապա կստացվի հրապարակային ապտակ ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլ խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես: Սակայն, այստեղ թերևս կա մի նրբերանգ: Ոչ թե խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես, այլ նրանց, որոնք եկել և մասնակցում էին այդ լսումներին, որի ժամանակ եղավ սկանդալը:

Իսկ այստեղ կա մեկ այլ ուշադրության արժանի նրբերանգ: Այդ լսումներին, որ կազմակերպել էր հենց ՔՊ մեծամասնության ներկայացուցիչ, պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնակցում էր մեծամասնության շատ փոքր շրջանակ: Հիմնականում այն շրջանակը, որը առնչվում է պրոֆիլային հանձնաժողովին կամ Անդրանիկ Քոչարյանին: Մինչդեռ, լսումների «իրավապահ ներկայացուցչականությունը» շատ բարձր էր, խորհրդարանի համար գուցե նույնիսկ աննախադեպ բարձր, երբ պարզապես լսումների է ներկայանում ոչ միայն իրավապահ կառույցներից մեկի ղեկավարը, այլ բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները, այսինքն այդ կառույցների առաջին դեմքերը:

Հասկանալի է, որ սա չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի հատուկ ցուցումի կամ հորդորի, որ լսումներին ներկայանան առաջին դեմքերը և որևէ մեկը չբացակայի որևէ պատճառաբանությամբ: Բայց, ապահովելով իրավապահների այդպիսի բարձր ներկայացուցչականություն, պատգամավորների համարժեք ներկայացուցչականություն ապահովված չէր: Սա հետաքրքիր հանգամանք է:

Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ Քյարամյանին ագրեսիվության սադրել է Արփի Դավոյանի օգնականը, որ լսումների ժամանակ նստած է եղել Դավոյանի կողքին: Այն Դավոյանի, որին և որին աջակցող թևին փաստորեն Նիկոլ Փաշինյանը ՔՊ մեծամասնությամբ շատ անհարմար վիճակում դրեց արդարադատության նախարարի պաշտոնի առնչությամբ:

Հիմա, այդ թևին Փաշինյանը կհասցնի՞ երկրորդ ապտակը, պաշտոնանկ չանելով Արգիշտի Քյարամյանին:

Քյարամյանի առնչությամբ պետք է նկատի ունենալ թերևս մեկ այլ էական նրբերանգ: Նա եղել է ԱԱԾ պետ, ընդ որում եղել է ԱԱԾ պետ 44-օրյա պատերազմի օրերին, գտնվելով Արցախում: Ճիշտ է, նա այդ օրերին էլ եղել է պաշտոնանկ, սակայն հաջորդիվ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Այլ կերպ ասած, իրավապահ համակարգի մի բարձրաստիճան պաշտոնից նա նշանակվել է մեկ այլ կառույցի ամենաբարձր պաշտոնի»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան