Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. «Ժողովուրդ»

48
Այսօր, 09:00
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բազմաթիվ անգամներ է արտահայտել իր «խոր անհամաձայնությունը» ՀՀ սահմանադրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Անկախության հռչակագրի և ՀՀ սահմանադրության բովանդակությունները նույնական չեն, և Մայր օրենքի մեջ արտահայտված են Անկախության հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի, և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ: Այսպիսով՝ թերևս Հայաստանի վարչապետը ակնարկեց ՀՀ Անկախության հռչակագրի խմբագրման կամ փոփոխության իր մտադրության մասին։
Նախ, ընդգծենք, որ ՀՀ սահմանադրության 203-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրության նախաբանը՝ Անկախության հռչակագիրը, փոփոխման ենթակա չէ։ ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, որը առաջինն էր ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին հայտնել, մեզ հետ զրույցում ասաց. «Որևէ մեկի խելքին եթե պտտվի, ամբողջ ԱԺ-ով փորձեն Անկախության հռչակագրում անգամ մեկ ստորակետ փոխել՝ չեն կարող, որովհետև Անկախության հռչակագրի կարգավիճակը լրիվ այլ է. այն վերիրավական փաստաթուղթ է, այն պետության հիմնադիր փաստաթուղթ է, պետության հիմքերի մասին է։ Անգամ եթե պետություններ ոչնչանան, ապա Հռչակագիրը կարող է հիմք ծառայել հետագայում նոր պետության ստեղծման համար»:
Հավանաբար հենց այս պատճառով էլ, հայրենի իշխանությունները լծվել են ոչ թե ՀՀ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու գործին, այլ այն ամբողջությամբ փոխելուն։

Սա, ի դեպ, այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գլխավոր պայմանն է»:

Մանրամասները՝ թերթի համարում: