Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

«Ուրախալի լուր՝ ջավախահայության համար»․ Վահե Սարգսյան

147
Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ., 15:30
«Ուրախալի լուր՝ ջավախահայության համար»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չափազանց ուրախալի լուր՝ ջավախահայության համար
Այսօրվանից Վրաստանում ապրող ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի՝ կացության վկայականի հիման վրա:
2024թ. հունվարի 1-ից, երբ ՀՀ մուտքի նոր կարգ սահմանվեց Վրաստանի պետհամարանիշերով մեքենաների համար, Վրաստանի տարածքում ապրող բազմահազար հայեր, որոնք Վրաստան-ՌԴ լարված հարաբերությունների տարիներին ՌԴ մեկնելու նպատակով ստացել են ՀՀ քաղաքացիության անձնագրեր, կորցրել Վրաստանի քաղաքացիությունը և այդ երկրի տարածքում ապրում են կացության իրավունքի վկայականով, կանգնեցին լուրջ խնդրի առջև:
Այսպես, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, 2024թ. հունվարի 1-ից վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործելիս Վրաստանում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերը (հիմնական տոկոսը կազմում են ջավախահայերը) ստիպված են սահմանին բանկում վճարել տվյալ մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը ահռելի թիվ է կազմում: Բնականաբար, ոչ բոլորն էին ի վիճակի այդչափ գումար գրավի տեսքով սառեցված պահել բանկում:
Արձագանքելով հարյուրավոր ջավախահայ իմ հայրենակիցների մտահոգություններին՝ դիմել էի ՊԵԿ-ին, մանրամասն ներկայացրել խնդիրը, խնդրել ձեռնարկել համապատասխան քայլեր և առաջարկել լուծում, ըստ որի՝ Վրաստանում (տվյալ դեպքում՝ Ջավախքի շրջաններում) բնակվող, վրացական պետհամարանիշով և ՀՀ քաղաքացիության անձնագրով վարորդներին թույլատրել մուտք գործել ՀՀ՝ առանց մեքենայի մաքսազերծման արժեքի գրավադրման՝ հիմք ընդունելով վերջիններիս՝ Վրաստանում կացության իրավունքի թույլտվության վկայականները:
Հայտնեմ, որ, ուսումնասիրելով իմ կողմից բարձրացված և ներկայացված խնդիրը, ՊԵԿ-ը կայացրել է դրական որոշում:
Այօրվանից Վրաստանում ապրող այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանում կացության իրավունքի վկայական, կարող են այն ՀՀ անձնագրի հետ մեկտեղ ներկայացնել Բավրայի անցակետ, վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործել ՀՀ և մնալ ՀՀ տարածքում 1 տարի: Ուշադրություն, տվյալ կարգը գործում է միայն Բավրայի անցակետում:
Ըստ այդմ՝ սեպտեմբերի 16-ին համապատասխան հրահանգ է իջեցվել Բավրայի անցակետ, և այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, արդեն առաջին ջավախահայն իր վրացական պետհամարանիշով մեքենայով մուտք է գործել ՀՀ՝ ներկայացնելով Վրաստանում կացության իրավունքի վկայականը:
Ավելին, մենք խնդրել էինք ՀՀ տարածքում մնալու խելամիտ ժամկետ սահմանել գոնե մեկ ամիս, իսկ ՊԵԿ-ի որոշմամբ դա սահմանվել է 1 տարի (հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների համար սահմանված ժամկետին): Սա ևս ողջունելի է»,- մասնավորապես գրել է Սարգսյանը:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան