Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանել է Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությունը

517
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 19:06
Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանել է Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը՝ ՀՀ Տավուշի մարզի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՌՀՄ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի հայերի միությունը՝ որպես Սփյուռքի խոշորագույն կազմակերպություն, իր աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր կարկառուն ներկայացուցիչներին՝ գործարարներին, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներին, հասարակական-քաղաքական գործիչներին՝ իրենց դիրքորոշումը հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես, Տավուշի մարզի հայկական հողերը հանձնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունների շուրջ: ՀՀ խորհրդարանում Փաշինյանի ելույթը, որտեղ այս անգամ նա Հայաստանի անվտանգության համար սպառնալիք էր անվանել հենց Հայաստանը՝ պատմական Հայաստանը, հերթական անգամ ի ցույց դրեց 2018 թվականից ի վեր, այսպես կոչված, «թավշյա իշխանությունների» կողմից իրականացվող նպատակային ընթացքի ողջ վտանգավորությունը և բացահայտեց Փաշինյանի թիմի և հայ ժողովրդի ու պետականության միջև անհապաղ սահմանագծման անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ Փաշինյանը երկրի ամբողջականության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծումներ չունի, և նրա յուրաքանչյուր նոր քայլ միայն խորացնում է խնդիրները: Այս իրավիճակում միայն ներկայիս կառավարության հրաժարականն ու քաղաքական ասպարեզից հեռանալը կարող է շանս տալ Հայաստանին՝ իր երկիրն ու ժողովրդին սիրող նոր ղեկավարության գլխավորությամբ, ապրել խաղաղ, արժանապատիվ և վերադարձնել միջազգային հանրության շրջանում կորցրած վստահությունը»։