Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»

235
Երեքշաբթի, 26 մարտի, 2024 թ., 09:18
Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։
Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի:
Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ակնհայտորեն լարված են և սկսել են ագրեսիվ դիմավորել գյուղեր այցելողներին։ Ոստիկանությունն արգելում է շատերի մուտքն անգամ, նույնիսկ եկեղեցի մտնելն են արգելել, օրինակ՝ Մարտական եղբայրության ներկայացուցիչներին:
Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված և տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց:
Բնակիչների մի մեծ խումբ օրաթերթին փոխանցեց, որ Փաշինյանը խոստացել է եթե ոչ 7, ապա 10 օր անց կվերադառնա՝ լսելու տեղի բնակիչների առաջարկները և կարծիքները։ Նա ասել է՝ եթե անգամ ինքն էլ չկարողանա գալ, իր ներկայացուցիչը կգա և կլսի նրանց խնդիրները։ Հենց այս պատճառով տավուշեցիները, որոնց գրեթե 70%-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են և հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը»։