Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլև օրենքները խախտել». Գեղամ Մանուկյան

709
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 21:24
«Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլև օրենքները խախտել». Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը որոշել է պահպանել ոչ միայն պարտիզանական քար լռություն, այլև օրենքները խախտել, իր գերատեսչությանը դնել ծիծաղելի վիճակում, միայն թե արդարացնի իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի հիմնազուրկ, արհեստական հայտարարությունները։

Հունվարի 23-ին նախարարին հարցում էի ուղարկել՝ պարզելու, թե ովքեր են այն մասնագետները, որոնց, ինչպես 2024թ-ի հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչել էր «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ», որոնք դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։ (Հարցումս և պատասխանը կցվում են)։

Պարզագույն հարցերին նախարարությունից այսօր ստացել եմ ցնցող պատասխան։ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած կառույցը, հղում անելով ՀՀ Սահմանդրության և ՏԱ մասին օրենքի վրա, համարել է, որ հարցումս սահմանափակում է կարծիք արտահայտելու իրավունքը, ոտնահարում է հանրային շահերը կամ այլոց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Նախարարությունից հայտնել են, թե չեն կարող տեղեկություն տալ, քանի որ ողջ հանրությանը վերաբերող, յուրաքանչյուրիս իրավունքին առնչվող, այս օրերին հանրային բուռն բանավեճի նյութ դարձած «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» փոխելու նախաձեռնությամբ իբր նախարարություն հղված նամակի պատճենը ինձ տրամադրելով, ուշադրություն՝ «խախտվում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»:

Ընդ որում, այս մերժումը նաև այն հիմքով է զավեշտալի, անհիմն և անօրինական, որ տեղեկության մերժումը պետք է պարունակի կոնկրետ իրավական նորմի հղում: Այսինք, ԿԳՄՍ-ն առնվազն պետք է նշի, թե իմ տրված հարցերից յուրաքանչյուրի պատասխան-տեղեկությունը որ օրենքի որ հոդվածով է խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, օրինակ՝ «Ե՞րբ է ԿԳՄՍ նախարարությունը ստացել «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն» բովանդակությամբ դիմում» հարցիս պատասխանը, ինչ իրավական հիմքով է գաղտնիք և այլն:

Հասկանում եք, Նիկոլի ասած «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ» նամակ են իբր հղել ԿԳՄՍՆ, ու դա գաղտնի, անձնական գրություն է։ Կարծես ես ուզում էի նախարարություն ուղարկված սիրային նամակի պատճեն, իրենք էլ համարել են, որ դա կարոող է անձնական նամակագրության գաղտնիությունը խախտել։

Կասեք զավե՞շտ։ Չեմ կարծում։ Մի ողջ գերատեսչություն, նախարարություն, նախարարության իրավաբանական վարչություն, հասարակայնության հետ կապերի վարչություն, տեղեկատվություն տրամադրող լիազոր անձի դնում են հիմարագույն վիճակում, միայն թե արդարացնեն Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայոց պատմություն» առարկայի խորքային անվանափոխությունը, ոչ թե իշխանությունն է նախաձեռնել, այլ մտավորականների ու ուսուցիչների նախաձեռնությամբ է սկսվել։

Իրականում, ենթադրելի է, որ որևէ նամակ էլ չի գնացել նախարարություն, չկա նման առաջարկի հեղինակ որևէ մանկավարժ և պատմաբան, պարզապես փաշինյանական իշխանության ուրացման ծրագրի մի մասնիկն է, որի այս դրվագը ներկայացնում են՝ իբր ժողովրդային պահանջի սոուսով։

Հիշո՞ւմ եք, այդպես ստալինյան տարիների ձևակերպմամբ էր արվում՝ «աշխատավորական կոլեկտիվների» պահանջով կամ առաջարկով»»։

Աղբյուրը`   Գեղամ Մանուկյան