Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.

Ինչո՞ւ էին Հին Հայաստանում մարդկանց թաղում կարասներում

1053
Շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ., 21:24
Ինչո՞ւ էին Հին Հայաստանում մարդկանց թաղում կարասներում

Ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը

Կարասային թաղումների մշակույթը հայտնի էր դեռևս Եգիպտոսից՝ սկսած մ․թ․ա․ 4-րդ հազարամյակից, ինչպես նաև Միջագետքից (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ) և Միջերկրական ծովի արևելյան ավազանից։ Այս շրջանի թաղումները հիմնականում մանկական թաղումներ են եղել՝ փոքրիկ անոթներում։ Հայաստանում ամենահին անոթային թաղումները հայտնաբերվել են Արենիի քարայրում, և թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ հարզարամյակով։ Ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող կարասային թաղումներ հայտնաբերվել են Արգիշտիխինիլիից և հուշարձանի մոտ գտնվող Նոր Արմավիր գյուղից։

Գառնի, հնագետ Արմինե Գաբրիելյանը կարասային թաղման պեղումների ընթացքում
Գառնի, հնագետ Արմինե Գաբրիելյանը կարասային թաղման պեղումների ընթացքում

Կարասային թաղումների մշակույթը Հայաստանում մասսայական է դարձել հատկապես անտիկ շրջանում (մ․թ․ա 6-մ․թ․4-րդ դար)։ Այս շրջանի կարասային թաղումների մշակույթն ուսումնասիրող հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Գաբրիելյանը փոքր թիմով ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող հետազոտական ծրագիր է իրականացնում և հետաքրքիր դիտարկումներ է կատարել այս ոլորտում։
Խաշթառակ, թալանված կարասային թաղում
Խաշթառակ, թալանված կարասային թաղում

Ինչպես ներկայացնում է հնագետը, անտիկ շրջանի դամբարանադաշտերում (Արտաշատ, Գառնի, Դվին, Օշական, Բենիամին և այլն) թաղման այլ տեսակների հետ (հիմնահողային, սալարկղային, քարարկղային և այլն) եղել են նաև մեծ թվով կարասային թաղումներ, իսկ Արցախ-Ուտիքի համար կարասային թաղումները, ընդհանրապես, եղել են մասսայական և թաղման նախընտրած ձևը։ Ըստ մասնագետի, մարդկանց թաղում էին կարասում, քանի որ կարասը նման է կնոջ արգանդին։
Արցախի Տիգրանակերտ արևելյան դամբարանադաշտ, 2018 թ.
Արցախի Տիգրանակերտ արևելյան դամբարանադաշտ, 2018 թ.
Կարասի մեջ մարդուն թաղում էին կծկված դիրքում, ինչը մոտեցնում էր նրան սաղմնային վիճակին։ Հետաքրքիր է, որ մարդկանց թաղում էին տնտեսության մեջ կիրառվող կարասներում։ Որպես կանոն, գտնված կարասները մաշված, կարկատված և անցքերով են։
Արցախի Տիգրանակերտ, 2010 թ.
Արցախի Տիգրանակերտ, 2010 թ.
Ըստ մասնագետի, սա էլ ուներ հատուկ նպատակ․ նախկինում ընտանիքի առօրյայում կիրառված կարասների միջոցով կարծես փորձ էր կատարվում կապ ստեղծել ընտանիքի անդամների և մահացածի միջև։ Մեծահասակներին թաղելու համար կոտրում էին կարասի շուրթը, տեղավորում էին մարմինն ու ուղեկցող նյութը, հետո սալով փակում էին բերանը։ Առավել հետաքրքիր թաղման ձևերից է իրար միացված երկու կարասի մեջ կատարված թաղումը, նման օրինակներ հայտնաբերվել են Գառնիում, Նորադուզում և Մուխանաթ թափայում (Երևան)։
Կարասները տեղադրվում էին հողի մեջ հորիզոնական, ավելի հազվադեպ՝ ուղղահայաց դիրքով։ Որպես կանոն դրանք հայտնաբերվում են հողի մակերևույթից կես մետրից մինչև 2 մետր խորության վրա։ Անտիկ շրջանում որպես ուղեկցող նյութ կարասների մեջ հիմնականում տեղադրում էին ուտելիքով լի կավանոթներ, տարատեսակ զարդեր, օծանելիք, դանակ, մկրատ և առօրյա կիրառման բազմաթիվ այլ իրեր։
Կարասային թաղումների դեպքում մասնագետների համար դժվարություն է ներկայացնում այն, որ արտաքինից նման թաղումները ոչ մի կերպ չեն նախանշվում և այդ թաղումները հիմնականում բացահայտվում են պատահական, շինարարական աշխատանքների արդյունքում։ Վերջին շրջանի հետաքրքիր բացահայտումներից են Գառնի գյուղի բնակիչների բակում ջրատար անցկացնելու ժամանակ հայտնաբերված կարասային թաղումները։ Կոնկրետ Գառնիի դեպքում հնագետը հատկապես կարևորում է մասնագետների հետ աշխատելու՝ բնակիչների պատրաստակամությունը։
2022 թվականին հայտնաբերված թաղումներից մեկը հատկապես հետաքրքիր է նրանով, որ կարասի մեջ հայտնաբերվել է մոր և մանկան թաղում։ Այս դեպքի հետաքրքրությունը այն է, որ կարասի մեջ որպես ուղեկցող նյութ հայտնաբերվել են նաև կովի և հորթի գլուխներ։ Հնագետ Արմինե Գաբրիելյանը նշել է, որ կովի և հորթի գլուխների նման ծիսական թաղման օրինակ տարածաշրջանում հայտնի չէ։ Մասնագետը ընդգծում է, որ սովորաբար կով չեն զոհաբերել, որովհետև կովը, որպես ընտանիքին կերակրող կենդանի, խիստ կարևորվել է, հետևաբար, եթե կա նման զոհաբերություն, ուրեմն գործ ունենք այնպիսի թաղման հետ, որտեղ մահացածը խիստ արժևորվել է։
Անտիկ շրջանում կարասային թաղումները հատկապես տարածված են եղել Արցախ-Ուտիքում։ Դրանք հայտնաբերվել են Տիգրանակերտի արևելյան դամբարանադաշտում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Հաթերքում, Վարանդայում և այլն։
Գառնի, կովի գլխով կարասային թաղում, 2022թ.
Գառնի, կովի գլխով կարասային թաղում, 2022թ.

Տարածաշրջանում կարասային թաղումներ են հայտնաբերվել նաև Վրաստանի տարածքում։ Արևմտյան Վրաստանում հայտնաբերված կարասները, ի տարբերություն Հայաստանի, թաղվել են բերանքսիվայր։ Հայաստանում բերանքսիվայր թաղված կարասի միակ օրինակը հայտնաբերվել է Ախթալայի տարածքից։
ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայկական լեռնաշխարհի կարասային թաղումների մշակույթը» ծրագրի արդյունքների նախնական ամփոփմամբ կարելի է ասել, որ Հայաստանում, Արցախում և Նախիջևանում ավելի քան 350 կարասային թաղումներ են վավերացվել։

(Լուսանկարները՝ Արմինե Գաբրիելյանի):