«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն այս տարի ավարտվել են. ի՞նչ է հայտնաբերել հայ-գերմանական խումբը
![]() Այս տարվա համար արդեն ավարտված են համարվում հայ-գերմանական միացյալ արշավախմբի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում իրականացված պեղումները, որոնք սկսվել էին 2020 թվականից ու շարունակվել այս տարվա հուլիսից։ Պեղումները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզնից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք.ա. III հազարամյակի առաջին կեսով: «Առհասարակ, Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիս-արևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր կատարած աշխատանքը չափազանց կարեւոր արժեք ու նշանակություն է ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են ապշեցուցիչ արդյունքներ։ Նախ, սա առայժմ Սևանա լճի հյուսիսային և հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին (Ք.ա. III հազարամյակի սկիզբ)։ Պեղումները պարզում են, որ բնակավայրի կացարաններն ունեն կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Հնարավոր է, որ դրանց առաստաղը պահվել է կենտրոնում տեղադրված փայտե գերանի միջոցով: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավակերտ օջախ: Բավականին լավ են պահպանված պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի: Այս հատվածի պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները փաստում են, որ բլրի ողջ շրջագծով մեկ տարածվում է մինչեւ 1,5 մետր լայնությամբ բավականին զանգվածեղ պատ, որը կարող էր պարիսպ ծառայել բնակավայրի համար, թեև հնագետների մոտ իշխում է այն կարծիքը, որ կուրարաքսյան մշակույթի բնակավայրերն ամրաշինական տարրեր չեն պարունակել։ Սակայն, այս դեպքում մենք, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հենց ամրաշինության հետ, որը կարող է լինել շատ հետաքրքիր նորություն։ Գտածոների մեջ արժեքավոր իրեր են համարվում տարատեսակ ուլունքները, բրոնզե իրերի մասերը, վանակատե շեղբերն ու նետասլաքները, ոսկրե իլիկի գլուխները, քարե և ոսկրե աշխատանքային գործիքները, կայծքարե մանգաղի ներդիրները, կավե օջախների բեկորներն ու կաղապարները: Հետաքրքիր է կավակերտ անիվի մանրակերտը, որը փաստում է առ այն, որ մեզանից 5 հազար տարի առաջ այստեղ ապրող մարդիկ տնտեսության մեջ ու կենցաղում արդեն կիրառել են անիվը։ Պեղումների ժամանակ մեզ համար այս տարվա անակնկալներից մեկն էլ այն եղավ, որ պատերից մեկի տակ մարդկային թաղման դեպքի հանդիպեցինք. արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ, պարզ կլինի հետագա ուսումնասիրությունների ընթացքում»,- ներկայացրել է Մարիամ Ամիրյանը։ Արշավախմբի գերմանական կողմն էլ հետաքրքրված է տարածքում մետաղների, մասնավորապես, ոսկու հնագույն մշակման հետքերով: Հալեի համալսարանի գիտաշխատող Ռենե Կունցեն այս ուղղությամբ հայկական կողմի հետ համագործակցությամբ հնագիտական հետազոտություններ է կատարել նաև Սոթքի տարածքում: «Հայաստանի տարբեր հնավայրերից գտնված ոսկու նմուշներ ենք հետազոտել և պարզել, որ դրանց մեծ մասի աղբյուրը եղել է Սոթքի Ծարասարի հատվածը: Ինչ վերաբերում է բրոնզի մշակմանը, ապա, այն մեծամասամբ ստացել են պղնձի և անագի խառնուրդով: Սակայն, պետք է նկատել, որ անագը տեղական չէ, տարածաշրջանում անագ չկա: Հնարավոր է՝ այն բերվել է Կենտրոնական Ասիայից, ինչը վկայում է այն մասին, որ այս տարածքը տնտեսական-քաղաքական կապերի մեջ է եղել Կենտրոնական Ասիայի, նաև՝ Իրանական բարձրավանդակի երկրների հետ։ Մեր համալսարանը և «Գերմանական գիտահետազոտական հիմնադրամը», որպես պեղումների համար հիմնական միջոցներ տրամադրող կառույցներ, ցանկություն ու նպատակ ունեն դեռ երկար տարիներ ուսումնասիրել այս հնավայրը, մեր հայ գործընկերների հետ փորձել տալ բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք կարող են նորովի լույս սփռել պատմահնագիտական իրողությունների վրա»,- ներկայացրել է արշավախմբի համաղեկավար Ռենե Կունցեն։ Առավել մանրամանս՝ սկզբնաղբյուրում: |
«Թրքական քրջուփալասներից կտրուկ անցում արհեստական բանականության հայկական քրջուփալասներին». Գոհար Ասատրյան (տեսանյութ)
159Երեկ, 18:25Մարտի 5-ին կկայանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
17124.02.2025, 23:06«Կաղնու և խաչի միաձուլումը՝ որպես սրբազան հավերժության խորհրդանշան»․ Համլետ Պետրոսյան (լուսանկար)
33523.02.2025, 03:06Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը
36623.02.2025, 01:36Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է
96619.02.2025, 11:36«Մահվանը պարտված Ավետիքի դեմքը մեր պարտության դեմքն էր». Մարինե Պետրոսյան
124118.02.2025, 23:54