«ՀՀ բնակչության 9%-ն օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն». Արմեն Մուրադյան
3567
Երկուշաբթի, 20 մարտի, 2023 թ., 15:36
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն Մարդու օրգանիզմի բնականոն և առողջ կենսագործունեությունը, նրա ֆիզիկական և մտավոր ճիշտ զարգացումը հնարավոր է միայն սննդի լիարժեքության և անվտանգության ապահովման պայմաններում, որը մեծապես կախված է սննդամթերքի ճիշտ ընտրության և ընդունման ձևից: Հայտնի է, որ սննդի, ինչպես անբավարար, այնպես էլ հավելյալ քանակությունը կարող է լինել վնասակար՝ դառնալով մի շարք հիվանդությունների պատճառ: Անառողջ սննդակարգը համարվում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ ճարպակալման, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի հիմնական ռիսկի գործոններից մեկը: Վերջին տարիներին վերամշակված մթերքների արտադրության աճը, ուրբանիզացիան և ապրելակերպի փոփոխությունը հանգեցրել են մարդկանց սննդակարգի կառուցվածքի փոփոխության, որը արտահայտվում է բարձր կալորիականությամբ, տրանսճարպերի, արագ մարսվող ածղաջրերի, և աղ պարունակող մթերքների սպառման ավելացմանը: Միևնույն ժամանակ, մրգերի և բանջարեղենների սպառումը գտնվում է անբավարար մակարդակի վրա: Այսպես, հետազոտությունները վկայում են, որ Հայաստանում միրգ-բանջարեղենի սպառումը հիմնականում կրում է խիստ սեզոնային բնույթ: Դեռ ավելին, Հայաստանի բնակչության 9%-ը օրվա ընթացքում ընդհանրապես չի օգտագործում միրգ և բանջարեղեն, իսկ 41%-ը օգտագործում է 1-2 չափաբաժին՝ սահմանված 5-ի փոխարեն: Հայաստանում կատարված հետազոտության տվյալները փաստել են, որ բնակչության մեծամասնությունը կերակուր պատրաստելիս հիմնականում օգտագործում է բուսական յուղ (տնային տնտեսությունների 65.6%-ը), 27.6%-ը՝ կարագ կամ հալած յուղ: Սակայն, գյուղական վայրերում օգտագործվող կարագի և հալած յուղի քանակությունն եղել է կրկնակի, իսկ խոզի, տավարի կամ ոչխարի ճարպերի՝ շուրջ 5 անգամ ավելի բարձր: Անառողջ սննդակարգը փոխկապակցված է ավելցուկային քաշի հիմնախնդրի հետ: Հայաստանում իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» միջազգային հետազոտության տվյալների համաձայն՝ 11-15 և 17 տարեկաննների խմբերում 13%-ը ունեցել են ավելցուկային քաշ, այդ թվում շուրջ 2%-ը՝ գիրություն: Ավելին, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքները վկայում են մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գերքաշության տարածվածության ցուցանիշի աճի միտման մասին: Նշված հետազոտության արդյունքները մատնանշում են նաև հղի կանանց շրջանում միկրոտարրերի դեֆիցիտի լայն տարածվածության մասին: Սննդի կալորիականությունը պետք է հավասարակշռված լինի օրգանիզմի էներգիայի ծախսերի հետ: Ավելորդ քաշից խուսափելու համար ճարպերի քանակը չպետք է գերազանցի ընդունվող կալորիաների 30%-ը: Հագեցած ճարպերը պետք է լինեն 10%-ից պակաս, իսկ տրանսճարպերը՝ կալորիաների 1%-ից քիչ: Առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև արագ մարսվող ածխաջրերի կրճատումը մինչև ընդհանուր կալորիաների 10%-ը, կերակրի աղի կրճատումը մինչև օրեկան 5 գրամ (օրական 2 գրամ նատրիումին համարժեք) և այլն: Կառավարությունները մեծ դերակատարություն ունեն առողջ պարենային միջավայրի ստեղծման գործում, որը բնակչությանը հնարավորություն կտա պահպանել առողջ սնվելու վարքագիծը: Այս առումով կարևոր է ազգային քաղաքականության և ներդրումային ծրագրերի զուգահեռաբար ապահովումը, առողջ սննդամթերքների նկատմամբ սպառողների պահանջարկի խթանումը, առողջ սննդակարգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, բուժօգնության առաջնային օղակում սննդակարգի հարցերի վերաբերյալ բնակչությանը խորհդատվական օգնության ցուցաբերումը»: