Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 մարտի, 2023 թ.

«Հիմա Պուտինը հաստատ կգնա մի քանի երկիր». Հայկ Մարտիրոսյան

325
Կիրակի, 19 մարտի, 2023 թ., 23:24
«Հիմա Պուտինը հաստատ կգնա մի քանի երկիր». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Կարող եմ երաշխավորել, որ հիմա Պուտինը հաստատ կգնա մի քանի երկիր՝ վարկաբեկելու համար նույն Հաագայի Քրեական Միջազգային Դատարանը և Արևմուտքը: Որովհետև շատերը, որ մասնագետ չեն՝ կարծում են, թե դատարանի թողարկած սանկցիան պարտադիր է բոլոր երկրների համար:
Պարտադիր չէ: Կիսապարտադիր է միայն նրանց համար, որոնք ստորագրել են ստատուտը և վավերացրել: Իսկ վավերացնող երկրները բացարձակ մեծամասնություն չեն:
Բացի այդ, վավերացրած երկրներն անգամ չունեն բացառիկ պարտավորություն՝ ձերբակալելու հետախուզվողին: Ե´վ ունեն,և´ չունեն: Եվ դա կոչվում է «գորշ տարածք»: Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը պետության առաջին գործող ղեկավարներից էր, որի դեմ ՄՔԴ-ն հետախուզում հայտարարեց: Ընդ որում, հոդվածն առավել ծանր էր, քան Պուտինինը: Բաժիրը մեղադրվում էր Ցեղասպանության մեջ: Դարֆուրի ցեղասպանության, որում օգտագործել էր ջանջավիդներին՝ ընդդեմ տեղի սև բնիկների: Եվ չնայած դրան՝ ալ Բաշիրը ճամփորդում էր բազմաթիվ երկրներ, որոնք հրաժարվում էին ձերբակալել նրան: Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը միայն պաշտոնաթողությունից հետո ձերբակալվեց նույն ՄՔԴ սանկցիայով: Եվ դատարանում նախկին ահասարսուռ դաշտային վայրագ հրամանատարից վերածվեց խղճուկ ոչնչության:
Բաշիրին վերջապես ձերբակալեցին: Բայց միայն սեփական երկրում հեղաշրջումից հետո և բոլորովին այլ մեղադրանքներով: Նրան ՄՔԴ հանձնելու հարցը Սուդանի նոր՝ անցումային և անկայուն իշխանությունները թեռևս քննարկում են, բայց, ամենայն հավանականությամբ, կհանձնեն նրան Քրեական Դատարանին:
Իր պատիժն արդեն մի քանի տարի է, ինչ կրում է Կոնգոյի նախկին փոխնախագահ Ժան Պիեռ Բեմբա Գոմբոն, որ մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ հանցագործությունների համար և դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Մյուս կողմից՝ մեղադրող կողմի թույլ նախապատրաստվածության պատճառով Կոտ դ՝Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոն ազատվեց մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքից և մի քանի տարի կալանավորված մնալուց հետո Միջազգային Քրեական Դատարանի վճռով ազատ արձակվեց:
Իրականում քաղաքակիրթ աշխարհը Պուտինի դեմ թողարկված ձերբակալման սանկցիայով կարևոր փորձ է կատարում և սկսում գործընթաց՝ ապալեգիտիմացնելու նրան և բարոյական հարված հասցնելու, իսկ Պուտինըˋ որպես հակահարված, փորձելու է այդ նույն սանկցիան օգտագործել՝ սեփական պրոպագանդայի մեքենայի միջոցով ցույց տալու համար, թե իբր Արևմուտքն անկարող է իրեն ձերբակալել և թե իբր Արևմուտքի բոլոր քայլերն ու գործողություններն անատամ են և անօգուտ: Հետևաբար, նախաձեռնելու է ճամփորդություններ, որոնց ընթացքում վստահաբար չի ձերբակալվելու: Վստահաբար:
ՄՔ Դատարանի այս սանկցիան, թեև իրապես արդարադատության փորձ է, բայց նաև քաղաքական ու պատերազմական քայլ է, որի դեմ կիրառվելու է պատասխան քայլ՝ Պուտինի այլ՝ իրեն ձերբակալելու պարտավորություն կամ կարողություն չունեցող երկրներ այցերի տեսքով (իհարկե, նախօրոք հստակ պայմանավորվելով նրանց հետ): Բայց, նախքան այդ երկրներ այցելելը՝ Պուտինն այցելում է ուկրաինական՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Մարիուպոլ: Դա նրա առաջին այցն է ապօրինաբար գրավված Ուկրաինական տարածքներ և առաջին քայլը՝ ցույց տալու համար, որ ինքը ազատ է տեղաշարժվելու հարցում և որ մարտահրավեր է նետում Արևմուտքին՝ այցելելով գրավված տարածքներ:
ՄՔԴ սանկցիայի առումով միանշանակ եզրակացություններ անել և համարել, որ հարցը լուծված է, չի կարելի: Ինչպես ամեն հարցում, այս հարցում ևս մեր հասարակության մի հատվածի արձագանքը միամիտ է և մակերեսային: Հրճվանք և վստահությունˋ թե վերջ, հարցը լուծվելու է և կամ միանշանակ վստահություն, թե ոչինչ էլ չի լինելու: Երկուսն էլ սխալ մոտեցումներ են: Երկուսն էլ՝ մանկամտությամբ մեզ խիստ բնորոշ:
Ի դեպ՝ Հայաստանն ստորագրել է Դատարանին միանալու կոնվենցիայի տակ, բայց ստատուտը չի վավերացրել: Հետևաբար, չունի բացարձակ պարտավորություն ձերբակալելու Պուտինին: Եվ եթե անգամ ունենար՝ միևնույն է, որևէ պարագայում չէր անելու դա: Այդպիսին է այս երկրի տեսակը, այդպիսին է այս հասարակության մենթալիտետը: Այդպիսին է այս երկրի՝ Պուտինի կողմից դրածո իշխանությունը և նաև դրան ընդդիմադիր նախկինների նույնպես դրածո ոհմակը: Այդպիսին են նաև առավոտից գիշեր հեռուստաէկրաններից ծախու քաղաքագետների և քաղվերլուծաբանների ողորմելիության գաղափարախոսության թեզերը, որոնցով անկանգորեն լվանում են մեր առանց այդ էլ գոյություն չունեցող ուղեղները:
Կարո՞ղ է գալ Պուտինն այսուհետ Հայաստան: Այո´, միանշանակ կարող է: Կգա՞ արդյոք: Այո, շատ հնարավոր է, որ կգա: Ինչո՞ւ: Որ իր ճորտ երկիրը՝ հանուն Պուտինի շահերի՝ ինքնազոհ կերպով օգտագործվի՝ Արևմուտքին ևս մեկ մարտահրավեր նետելու համար: Որ ցույց տա Արևմուտքին, թե իբր ինքն ազատ ճամփորդում է: Եվ որ իր համար հյուրընկալ երկրներ կան: Ինչպես՝ Հայաստանը»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան