Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ.

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ

501
Երկուշաբթի, 06 փետրվարի, 2023 թ., 20:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահի հետ

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:


Երկուստեք կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: