Սպիտակ խաչ վանքը հայտնվել է ադրբեջանական քարոզչության թիրախում
Արցախի «Պատմական միջավայրի պահպանության» պետական ծառայությունը հայտնում է․ «Սպիտակ խաչ վանքը ադրբեջանական քարոզչության թիրախում Նոյեմբերի 5-ին ադրբեջանական www.cbc.az-ի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու, Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»: Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով: Եվ գրեթե միշտ ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ասել է թե, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Ռոբերտ Մոբիլին հարցազրույցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալություն հայտնել շեհիդներին, իրենց «սրբազան վայրերը» ազատագրելու համար: Եթե Ռոբերտ Մոբիլին իրավամբ հոգևոր արժեքների կրող լիներ, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնա ադրբեջանական կրկեսի ծաղրածու: Մինչև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսված էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանի միջոցներով: Իրականացվել էին մաքրման ու նախապատրաստական աշխատանքներ շինաշխատանքները սկսելու համար, ինչը հստակ երևում է նաև տեսանյութի մեջ: Ստորև ներկայացնում ենք Սպիտակ խաչ վանքի մասին պատմական տվյալները: Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը՝ Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը: Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից: Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով, ավելի կոնկրետ 1333 թվականով: Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում՝ հյուսիսային կամարի խաչքարի տակ «Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ» (1333): Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին: Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, որին արևմուտքից միանում է ուղղանկյուն գավիթը: Ընդ որում, գավիթն ու եկեղեցին իրարից բաժանված չեն, ունի մեկ մուտք, որը բացվում է արևմուտքից: Առկա են երկու փոքր պատուհաններ՝արևմտյան և հյուսիսային կողմերում։ Արևմտյան պատուհանի քարի վրա նույնպես պահպանվել է արձանագրություն՝ «Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․ ։Ռ/ՃԽԳ» (1694): Եկեղեցու տանիքին տեղադրված է վեց սյուններից բաղկացած, բրգաձև ծածկով զանգակատուն – ռոտոնդան, որի մասին շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու մուտքի հարավահայաց կողին …«Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին»: Եկեղեցուց հարավ-արևելք հյուրատունն է մուտքի բարավորին պահպանված արձանագրությամբ. «Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թվին. այն տարին էր՝/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ»։ Հյուրատան կողքին էլ պահպանվել են երկու վիմափոր խցեր: Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր պահպանված արձանագրություններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ: Լուսանկարները՝ Գայանե Բուդաղյանի»։ |
Հնդկաստանում փառատոնի հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի
9218:56Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 18 մարդ է զոհվել
15215:08«Արտակարգ իրավիճակ՝ Պարոնյան փողոցի բազմաբնակարան շենքում». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
11613:00Դավթաշենի կամրջի վրա քաղաքացու դի է հայտնաբերվել
9911:00Թբիլիսիի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
246Երեկ, 16:06Հնդկաստանում կրոնական փառատոնի ժամանակ վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
243Երեկ, 12:31