Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Մեղադրանքներ են առաջադրվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրենին և նրա որդուն

953
Շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ., 13:18
Մեղադրանքներ են առաջադրվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրենին և նրա որդուն

Օպերատիվ տեղեկությունների իրացման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Ոստիկանության Գուգարքի բաժնում 2021թ. մայիսի 22-ին քրեական գործ է հարուցվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությունում առերևույթ կատարված կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲԸ նախկին տնօրեն Ռ. Չ-ն պաշտոնավարման ընթացքում հիվանդանոցին պետության կողմից հատկացման ենթակա ֆինանսական միջոցներից խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել իր հետ համատեղ բնակվող որդու՝ Վ. Չ-ի հետ և, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:

Դրանից հետո, հիվանդանոցի տնօրենը 2014 և 2015թթ. ձևականորեն կազմակերպել է «Մարդատար ավտոմեքենայի վարձա­կալության ծառայությունների մատուցման գնման գործընթաց», դրանում իբրև հաղթող ճանաչված իր որդու հետ կնքել հիվանդանոցի կարիքների համար մարդատար ավտոմեքենայի վարձակալության ծառայությունների մատուցման գնման՝ բովանդակությամբ կեղծ պայմանագրեր, իսկ 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են հիշյալ պայմանագրում նշված ծառայությունները շարունակելու վերաբերյալ համաձայնագրեր:

Համաձայն այդ պայմանագրերի և համաձայնագրերի՝ Վ. Չ.-ին սեփականության իրավունքով պատկանող «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենան 2014-2019թթ ընթացքում ամսական 135000 կամ 200.000 ՀՀ դրամ գումարով իբրև թե վարձակալության է հանձնվել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերությանը, մինչդեռ պարզվել է, որ իրականում այդ ողջ ընթացքում ավտոմեքենան հիվանդանոցի կարիքների համար չի ծառայել:

Եվ չնայած այդ հանգամանքին՝ 2014թ. հունվարից մինչև 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակա­հատվածում Ռ. Չ-ն որդու բանկային հաշվին, վերը նշված բովանդակությամբ կեղծ պայմանագրերի և համաձայնագրերի օգտագործմամբ, փաստացի փոխանցել է առանձապես խոշոր չափերով՝ 11.347.200 ՀՀ դրամ վարձակալության գումար՝ այդպիսով որդու օժանդակությամբ խարդախության եղանակով հափշտակելով հիվանդանոցի առանձնապես խոշոր չափերի այդ գումարը:

Հանցավոր նշված արարքները կատարելու համար «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՊՓԲ ընկերության նախկին տնօրեն Ռ. Չ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Չ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելու հնարավորության ապահովման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է կիրառվել նշված անձանց պատկանող գույքի վրա: Այս մասին հայտնում է

ՀՀ դատախազությունը: