Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«ԱԷԿ-ը զուտ արդյունաբերական օբյեկտ չէ․ այն գեոռազմավարական կարգավիճակ է»․ Վահե Դավթյան

579
Շաբաթ, 20 մարտի, 2021 թ., 15:27
«ԱԷԿ-ը զուտ արդյունաբերական օբյեկտ չէ․ այն գեոռազմավարական կարգավիճակ է»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի դիտարկում Հայկական ԱԷԿ-ի հնարավոր փակման մասին:
1. 2017թ. ԵՄ հետ ստորագրված համապարփակ ու ընդլայնված համագործակցության մասին պայմանագրում տեղ գտած դրույթը կայանի կոնսերվացման մասին չունի ու չի էլ կարող ունենալ իմպերատիվ բնույթ, քանզի պայմանագրի կողմ հանդիսացող «Եվրոատոմ» կազմակերպության իրավասությունները տարածվում են բացառապես ԵՄ անդամ-պետությունների վրա: Անգամ ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքած պետությունների դեպքում «Եվրոատոմ»-ի դիրքորոշումն ու կոչերը կարող են միայն խորհրդատվական բնույթ ունենալ:
2. Հայկական ԱԷԿ-ի դեմ արշավը սկսվեց 2018թ. իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ կայանում առկա է 500-ը գերազանցող ավելորդ հաստիք, որոնք պետք է կրճատել (ինչին բավականին կոշտ արձագանքեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը՝ հորդորելով վարչապետին չխառնվել իր կոմպետենտությունից դուրս գտնվող հարցերին):
3. Հաջորդ ու, թերևս, առանցքային հարվածը 2020թ. հունիսին կառավարության որոշումն էր՝ ԱԷԿ-ի մոդեռնիզացման նպատակով 2015թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրով Հայաստանին տրամադրված վարկի մնացորդից (մոտ 107 մլն դոլար) հրաժարվելու մասին: Այդ որոշումն իր մեջ ընդգծված աշխարհաքաղաքական մոտիվ էր պարունակում՝ ուղղված ռուսական «խաղաղ ատոմի» գործոնի ազդեցության նվազեցմանը Հայաստանից: Մինչդեռ ակնհայտ է, որ առանց Մոսկվայի Հայաստանում հնարավոր չէ առհասարակ միջուկային էներգետիկայի զարգացման որևէ լուրջ ծրագիր իրականացնել: Դա հասկանում են նաև մեր հարևանները՝ Իրանը, Թուրքիան, որոնց միջուկային կոմպլեքսում Ռուսաստանի դերն առավել քան ընդգծված է, ինչպես նաև Ադրբեջանը, որը բանակցություններ է նախաձեռնել Մոսկվայի հետ առաջին ատոմակայանի կառուցման վերաբերյալ: «Ռոսատոմի» կողմից ՀԱԷԿ-ի մոդեռնիզացման աշխատանքերի իրականացումն այլևս տեղավորվում է զուտ տեխնիկական համագործակցության շրջանակներում ու չունի որևէ անվտանգային-ռազմավարական բաղադրիչ:
3. Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ ակտիվորեն զարգացում է ապրում միջուկային էներգետիկան, ՀԱԷԿ-ի հարավոր կոնսերվացումը ոչ միայն զրկում է մեզ էլեկտրաէներգիայի կայուն գեներացման աղբյուրից, այլ էապես նվազեցնում է մեր՝ առանց այդ էլ խարխլված սուբյեկտայնությունը: ԱԷԿ-ը զուտ արդյունաբերական օբյեկտ չէ: Այն գեոռազմավարական կարգավիճակ է, ակադեմիական հարուստ դպրոց ու իննովացիոն գիտության զարգացման համար անհրաժեշտ կարևոր նախադրյալ: Ու այս իմաստով Հայկական ԱԷԿ-ին հասցվող հարվածները կարելի է դիտարկել բանակին, եկեղեցուն, մշակույթին, ազգային ինքնության հասցվող թիրախային հարվածների շարքում»: