Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածել

507
Շաբաթ, 06 մարտի, 2021 թ., 23:10
ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածել

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածել. «Ի պատասխան Tert.am լրատվական կայքում մարտի 6-ի՝ «Արսեն Թորոսյանն առողջապահության նախարար լինելու ընթացքում կնոջ բժշկական կենտրոնի հետ շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել» վերտառությամբ հրապարակմանը՝ հայտնում ենք, որ լրատվականը խեղաթյուրել է ՀՀ առողջապահության նախարարության՝ Tert.am լրատվականի հարցմանը տված պատասխանն ու տեղեկատվությունը և պայմանագրի սխալ արժեք նշել:
2018-2021թթ. «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է ընդամենը 288 մլն 772 հազար ՀՀ դրամի պայմանագիր:
Tert.am-ին առողջապահության նախարարությունից գրավոր տեղեկատվությունը ոչ ճիշտ է ներկայացվել, մասնավորապես գրության մեջ ներկայացված տարեսկզբի պայմանագրային գումարը և տարվա ընթացքում համաձայնագրով ամրագրված գումարները պետք է դիտարկել աճողական կարգով, այլ ոչ թե մեխանիկական գումարելով:
Արդյունքում՝ 2018, 2019, 2020, 2021 թվականների ընթացքում «ՄԻԲՍ» ՍՊ-ի հետ կնքվել է համապատասխանաբար 25 մլն 176 հազար, 98 մլն 934 հազար, 91 մլն 982 հազար, 72 մլն 680 հազար ՀՀ դրամի պայմանագիր: Արդյունքում չորս տարվա ընթացքում «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման հատկացված շուրջ 4,5 մլրդ դրամից վերոհիշյալ կազմակերպությանը ‼️ հատկացվել է 288 մլն 772 հազար ՀՀ դրամ:
Համեմատության համար կարող ենք նշել, որ 2019, 2020, 2021 թվականներին, օրինակ, «Արմամաքս» ՍՊԸ-ին հատկացվել է 420 մլն 884 հազար ՀՀ դրամ:
Առողջապահության նախարարությունը հորդորում է Tert.am լրատվականին զերծ մնալ նման էժանագին շահարկումներից և հրապարակել սույն հերքումը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին համապատասխան»: