Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ.

«Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբենք, գաղտագողի ապրենք»․ Դավիթ Սանասարյան

312
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 13:50
«Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբենք, գաղտագողի ապրենք»․ Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ նպատակը ոչ թե չվարակվելն ու չվարակելն է, այլ չտուգանվելը, ապա ամեն օր կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թվեր ենք սահմանելու։

Սիրելիներս, մենք այդպես էլ ամրագոտու տրամաբանությունը չհասկացանք ու հիմա էլ պարտադիր դիմակ կրելու տրամաբանությունը չենք հասկանում։ Ինչպես վարորդների մեծ մասն ամրագոտին ձևական են կապել ու կապում, այնպես էլ հիմա դիմակն են միայն հսկողների համար կրում։ Նպատակը մնացել է նույնը՝ չտուգանվելը։ Ոչ մի տուգանք ոչ ձեր, ոչ էլ ձեր մեղքով այլոց կյանքերի կորուստից առավել չէ։

Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբենք, գաղտագողի ապրենք, մենք հեղափոխություն ենք արել, որ արժեքներ փոխենք։ Հեղափոխություն արեցինք, քանի որ միասնական էինք։ Հիմա նորից միասնական լինելու ժամն է։

Ամենասկզբում մեզնից շատերը էջմիածինցի կնոջը գամում էինք հասարակական կարծիքի անարգանքի սյանը, իսկ հիմա շատերս ավելի վատ վարքագիծ ենք դրսևորում։ Երբ վիրուսից առաջին մահը գրանցվեց, շատերս էինք սգում ու խառնաշփոթի մեջ էինք, իսկ հիմա ամեն օր լսում ենք 7, 10 կամ ավելի մահվան բոթ ու կարծես սովորական համարում։ Այ այստեղ է ողբերգությունը, որ մարդկանց մահվան փաստը համարում ենք զուտ վիճակագրություն։ Ողբերգություն է, երբ ամեն մեկս թուլացնում ենք հնարավոր աղետին մասնակից չլինելու մեր զգոնությունն ու պատասխանատվությունը։

Թերևս ճիշտ կլինի, որ մի անգամ էլ վերանայենք ու վերաիմաստավորենք այս ամենը։

Առողջ ու անփորձանք եղեք»։