Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Խնդիրն իսկապես ավելի լուրջ է». Ատոմ Մարգարյան

401
Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 04:10
«Խնդիրն իսկապես ավելի լուրջ է». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային անվտանգության մեկ լուրջ սպառնալիքի մասին

ԱԺ հունվարի 23-ի նիստում «Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում» արվելիք փոփոխությունների հետ կապված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթում հնչած մտահոգության հետ չհամաձայնել չի կարելի։ Պատգամավորը պնդեց, որ տարիներ շարունակ կոնկրետ մարդիկ օֆշորում գրանցել են ընկերություններ և փակ ձևով «սև փողերով» հանքարդյունաբերության, էներգետիկ ոլորտներում ներդրումներ են կատարել և ունեցել բաժնեմասեր. «Ժամանակն է ամբողջովին բացելու այդ համակարգը: Միգուցե մեր թշնամական երկրի կառույցնե՞րն են տեր դառնում մեր բնական ռեսուրսներին»,-իրավացի հարց տվեց պատգամավորը»։
Ամենևին գաղտնիք չէ, որ Հայաստանի և´ հանքարդյունաբերության և´ էներգետիկայի (հատկապես՝ փոքր ՀԵԿ-երի) ոլորտի ներդրումների առյուծի բաժինը օֆշորային, ասել է՝ ստվերային-կրիմինալ ծագում ունի։ Դրանց մեծ մասը անշուշտ նախկին բարձրաստիճանների, ուժայինների, օլիգարխների (ներկայումս՝ «գործարարների»), տարբեր տրամաչափի կոռուպցիոներների ու նրանց փոխկապակցված անձանց գումարներն են, որոնք այդ կերպ օֆշորային լվացքատանը լվացվել-դարձել են «օրինական» ներդրումներ։ Եվ այն, որ այս էլ երկրորդ անգամ (առաջինը հանքագործության ոլորտն էր) այդօրինակ օբյեկտների իրական սեփականատերերին մինչև վերջ բացահայտման ստորին շեմ է սահմանվում (այստեղ էլ մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցողները կարող են մնալ քողարկված-չբացահայտված), ուղղակի մտահոգիչ է ու տարօրինակ։
Ես հեռու եմ այն մտքից, որ հակակոռուպցիոն պայքարի քողի տակ օրվա իշխանությունը այդ կերպ նպատակ ունի նախկինների հետ կիսել-սեփականել երկրից թալանածը։ Ով-ով, համենայնդեպս Փաշինյանը դրան չի գնա։ Նաև չեմ կարծում, թե իրական սեփականատերերին մինչև վերջ բացահայտելը կարող է վնասել ներդրումներին, կամ կարող է լինել ժամանակակատար, ծախսատար ու անհասանելի։ Պարզապես մեջտեղ են բերվում միջազգային ինչ-ինչ հեղհեղուկ ստանդարտներ, ու ոչ մի քննադատության չդիմացող փաստարկներ։ Նույնիսկ եթե այդ միջոցները այլևայլ երկրների պարագայում ինչ-որ տեղ ընդունելի են, ապա ոչ Հայաստանի դեպքում։ Մի կողմ դնենք այն ահռելի բնապահպանական ու տնտեսական վնասները (ստվերի տեսքով), որ հարուցում են այդ օբյեկտների փաստացի շահագործումը։
Խնդիրն իսկապես ավելի լուրջ է. մեր երկիրը ըստ էության փաստացի պատերազմի պայմաններում է ու ամենևին էլ երկրորդական չէ այն հարցը, թե ովքեր են սեփականել կամ տնօրինում ռազմավարական, հանգուցային նշանակության այդ ոլորտներն ու շահագործում հանքային ու ջրային պաշարները։ Իսկ թավշյա հեղափոխությունից հետո թե´ հանքային և թե էներգետիկ ոլորտի օֆշորային սեփականության փոխանցման հետ կապված ռիսկերը էլ ավելի են մեծացել։ Շատ մեծ է հավանականությունը, որ, օրինակ, հետախուզման մեջ գտնվող ու արդարադատությունից խուսափող նախկին պաշտոնյաներից շատերը (և ոչ միայն նրանք) իրենց սեփականած հանքերը կամ էներգետիկ օբյեկտները զարտուղի օֆշորային սխեմաներով փոխանցեն այնպիսի անձանց կամ խմբերի (թշնամական պետություններից), որոնց նպատակը ամենևին էլ բիզնեսը չէ, այլ, ասենք, այդ օբյեկտները դիվերսիոն նպատակների ծառայեցնելը։ Այնպես որ, թե´ հանքային և թե էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերի լրիվ բացահայտումը օրախնդիր է ու բխում է ինչպես տնտեսության, այնպես էլ ազգային անվտանգության շահերից։
P.S. Հունվարի 1-ին լրացել է այն ժամկետը, երբ մետաղական հանքերի 10 տոկոս և ավելի բաժնեմաս ունեցող բոլոր սեփականատեր ֆիզիկական անձիք պետք է արդեն բացահայտված-գրանցված լինեին ՀՀ պետական ռեգիստրում։ Հետաքրքիր է՝ կատարվե՞լ է օրենքի այդ իմպերատիվ պահանջը, թե՞ ոչ։ Լավ կլիներ, որ այդ մասին տեղեկատվություն տար օրենքով լիազորված այդ պետական կառույցը»։