Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-ում չինական վիրուսի հնարավոր թափանցումը կանխելու ուղղությամբ». Սոսի Թաթիկյան

730
Շաբաթ, 25 հունվարի, 2020 թ., 16:35
«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-ում չինական վիրուսի հնարավոր թափանցումը կանխելու ուղղությամբ». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ որպես վարակիչ հիվանդություններից ու համաճարակներից շատ վախեցող մարդ, ցանկանում եմ իմանալ, թե Հայաստանում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Չինաստանից Կորոնա վիրուսի հնարավոր թափանցումը Հայաստան կանխելու ուղղությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ դրա տարածումը համընկավ Հայաստանի ու Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման հետ: Նշենք, որ վիրուսն արդեն հասել է ԱՄՆ ու Ֆրանսիա:

Որպես Էբոլայի համաճարակի տարիներին Աֆրիկայում ապրած, աշխատած ու անընդհատ ճանապարհորդած մարդ, պատմեմ, թե աֆրիկյան երկրներն ինչպես էին վերահսկում Էբոլայի վիրուսի տարածումը: Նույնը տեսել եմ ասիական շատ երկրներում, օրինակ՝ Թաիլանդում, նույնիսկ առանց որևէ համաճարակի առկայության:

Այդ տարիներին աֆրիկյան ցանկացած երկիր մտնելիս, ուղևորները պետք է անցնեին ոչ միայն անձնագրային հսկողություն, այլև՝ բժշկական: Անձնագրային հսկողությունից առաջ, ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո կանգնած էին լինում բժշկական ծառայության աշխատակիցներ: Երկիր ժամանող բոլոր ուղևորներն անցնում էին մի սարքի միջով, որը ցույց էր տալիս, թե նրանք ջերմություն ունեն, թե՝ ոչ: Նրանք պետք է լրացնեին թերթիկ, և եթե վերջին որոշակի ժամանակամիջոցում եղած լինեին այն երկրներից մեկում, որտեղ տարածված էր էբոլայի վիրուսը, նրանց դնում էին կարանտինի տակ ախտանշանների բացահայտման համար պահանջվող ժամանակահատվածով: Լրացվող թերթիկում նրանք պետք է պատասխանեին մի շարք հարցերի՝ արդյոք ջերմություն ունեն, թե՝ ոչ, տարբեր ախտանշաններ ունեն, թե՝ ոչ, վիրուսակրի հետ առնչվել են, թե՝ ոչ: Օդանավակայաններում նաև տեղադրված էին ձեռքերն ախտահանող հեղուկներ:

Հույս ունեմ, որ մեր համապատասխան պատկան մարմիններն այս հարցին լուրջ կվերաբերվեն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկեն այդ վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

Քանի որ առողջապահության նախարարի հետ ՖԲ-ով ընկեր չեմ, խնդրում եմ նրան փոխանցել իմ՝ որպես քաղաքացու, այս մտահոգությունը և այլ երկրներից իմ տպավորությունները»: